«Նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը». Պետդումայի պատգամավորը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը Հայաստանին զենք մատակարարելու մասին


«Նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը». Պետդումայի պատգամավորը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը Հայաստանին զենք մատակարարելու մասին
Հոկտեմբեր 18 20:00 2020

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չի նպաստում Լեռնային Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացիային:

 

«Ցավոք սրտի, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղ կարգավորմանն ու իրավիճակի ապաէսկալացիային հակամարտության գոտում: Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները չեն աջակցում կողմերից և ոչ մեկին և կողմ են հանդես գալիս արյունահեղության դադարեցմանը»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ընդգծել է նա:

Վերջինս հիշեցրել է, որ Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների միջև, որոնց արդյունքում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Անհրաժեշտ է հասնել դրա իրականացմանը»,- հավելել է Սլուցկին:

 

Նա նաև նշել է, ոչ բոլորն այսօր պետք է շարունակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղիներ փնտրել և խուսափեն ագրեսիվ հռետորաբանությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։