Թուրքիան ևս մեկ ցեղասպանություն է իրագործում քրիստոնյաների դեմ. «Հանուն քրիստոնյաների պաշտպանության» ՀԿ-ն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ


Թուրքիան ևս մեկ ցեղասպանություն է իրագործում քրիստոնյաների դեմ. «Հանուն քրիստոնյաների պաշտպանության» ՀԿ-ն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
Հոկտեմբեր 18 19:15 2020

EWTN News Nightly անգլալեզու հեռուստաալիքն անդրադարձել է «Հանուն քրիստոնյաների պաշտպանության» կազմակերպության հայտարարությանը: 

Կազմակերպությունն ասուլիս էր կազմակերպել՝ «Թուրքիան ևս մեկ ցեղասպանություն է իրագործում քրիստոնյաների դեմ: Ինչո՞ւ է Թրամփի վարչակազմը լռում» խորագրով՝ պահանջելով ԱՄՆ ղեկավարությունից առավել մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: 

«Թուրքիան խախտում է կրոնական ազատության միջազգային իրավունքը և պետական մակարդակով աջակցում է քրիստոնյաների հետապնդումներին»,- մեջբերել է հաղորդավար Թրեյսի Սաբոլը:

«Եթե մենք այժմ չբարձրաձայնենք, որ եկեղեցիներ են ռմբակոծվում, որ քաղաքացիներն են ռմբակոծվում, դա վերջ չի ունենա»,- ռեպորտաժի ընթացքում նշել է «Ամերիկյան հելլենիստական խորհրդի» տնօրեն Էնդի Զեմենիդեսը:

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի գիտաշխատող, վերլուծաբան Մայքլ Ռուբինը շեշտել է, որ Թուրքիան ռազմական ուղի է բռնել` փորձելով շեղել հանրության ուշադրությունն իր անկում ապրող տնտեսությունից:

Վերհիշելով, որ միայն Թուրքիայի դեմ պատժամիջոցներն ստիպեցին Էրդողանին ազատ արձակել բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, «Հանուն քրիստոնյաների պաշտպանության» կազմակերպությունը կոչ է արել ամերիկյան իշխանություններին վերականգնել պատժամիջոցները: