Հանգչիր խաղաղությամբ, լուսավոր տղա. Ալբերտ Դադոյանի հիշատակին (լուսանկարներ)


Հանգչիր խաղաղությամբ, լուսավոր տղա. Ալբերտ Դադոյանի հիշատակին (լուսանկարներ)
Հոկտեմբեր 18 17:55 2020

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայրենիքի համար նահատակված մեր հերոսներին միացավ Արցախում զոհված ժամկետային զինծառայող, 20–ամյա Ալբերտ Դադոյանը։

Լուսավոր, լավատես ու խելացի պատանին երկու տարի առաջ՝ մինչև ժամկետային ծառայության մեկնելը, եկավ NEWS.am–ի խմբագրություն՝ նոր գաղափարներով, լրագրությունը ու հատկապես ՏՏ ոլորտի լրագրությունը Հայաստանում զարգացնելու թարմ, առաջադեմ տեսլականով։

Ալբերտի հետ մեծ ծրագրեր էինք կազմել, որոնք պիտի միասին կյանքի կոչեինք նրա ծառայության ավարտից հետո։

Ալբերտն իր հետ խմբագրություն բերեց իր սերնդին հատուկ լույսը, իր ուժերի ու ապագայի հանդեպ վստահությունը, սովորելու ու իր ճանապարհը գտնելու ձգտումը, իր՝ անկախության սերնդի բարձունքից՝ մեր, ինչպես ինքն էր կատակով ասում, «հներիս» հանդեպ ունեցած առավելության գիտակցումը, առավելություն, որն Ալբերտն ու իր սերնդակիցներն այսօր ամեն օր ապացուցում են առաջնագծում, շատերը, ցավոք, իրենց այդքան թանկ կյանքերի գնով։

Աբուլը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող էր, ու ինչպես բոլոր պատանիները, շտապում էր մեծանալ։ Ո՞վ կարող էր ենթադրել, որ նրա սերնդին վիճակված էր այդքան արագ մեծանալ՝ մարտի դաշտում...

Ալբերտի հարազատների, ընկերների ու մտերիմների հետ սգում ենք այս ծանր ու անդառնալի կորուստը ու մեր խոր վշտակցությունը հայտնում նրա հարազատներին։

Հանգչիր խաղաղությամբ, լուսավոր տղա...