#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…Կարմիր դագաղով երազ ու սեր ենք տանում թաղելու…


#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…Կարմիր դագաղով երազ ու սեր ենք տանում թաղելու…
Հոկտեմբեր 18 17:18 2020

Տանում ենք մեր սրտերի միջով, մեր մտքերի միջով, մեր հոգու միջով, տանում ենք հավերժությանը պահ տալու… Տանում ենք այնտեղ, որտեղ անմահությունն է, որտեղ հերոսացումն է, որտեղ եղբայրականն է… Տանում ենք` արցունքը զսպած, վրեժը ծառացած, հաղթանակի աներեր հավատով… Տանում ենք… Եւ այդ կարմիր դագաղների մեջ ննջող երազի ու սիրո անունը Յուրի է, Դավիթ է, Կարեն է… Նրանք պիտի դեռ սիրեին, դեռ պիտի ապրեին, ծլեին-ծլարձակենին, ճյուղ ու բար տային, բայց մնացին հավերժական երազ ու սեր, որ կարմիր դագաղով մեր ուսերի վրա ու մեր հայացքների մեջ այսօր էլ տարանք հանձնելու հայրենի հողին…

…Երբ ջահել մայրն է զավակին թաղում, ուրեմն աշխարհում շատ կարեւոր մի բան է խաթարվել… Երբ ծերացած ու մեջքակոտոր տատն է թոռանը գերեզման դնում, ուրեմն աշխարհն իր շավղից դուրս է սայթաքել… Երբ հայրն է աղաղակում` դու իմ գերեզմանն ինչու ես խլում, սիրասուն որդի, ուրեմն աշխարհը ցնորվել է, երազները խեղվել են, ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան… Տեր աստված, չամչցա՞ր, որ աշխարհն այսքան անարդար ես ստեղծել` մարդակեր թուրքին մեզ հարեւան դնելով… Տեր աստված, սա է աշխարհի մեծագույն մեղքն ու ամենամեծ հանցանքը, որ հենց նա է մեզ հարեւան դարձել` ոխերիմ, արնախում, գիշատիչ ու գազան հարեւան… Տեր աստված, մեր բաժին աստված… Բայց հենց մենք պիտի ջարդենք նրա արնախում, ցնորված գանգը եւ թաղենք աշխարհի պատմության գերեզմանոցում…

… Երեք անգամ մեր պանթեոնում պետական օրհներգը հնչեց… Երեք լույս-տղերք գերեզման իջան… Երեք անգամ եռագույնը փողփողաց` որպես խոնարհում, որպես ծնրադիր փառաբանում, երեք անգամ ժամանակը կանգ առավ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անժամանակ պտույտի մեջ, ու խնկաբույրը, աղոթքը, ծաղիկները, ծափերը դարձան երեք կարմիր երազի եւ սիրո ուղեկիցները ի հավերժացում…

ՅՈՒՐԻ ՍԱՄՍՈՆԻ ՕՀԱՆՅԱՆ,- Ծնվել է 1988 թվականին, Սիսիան քաղաքում: Կրթությունը տեղում ստանալուց երկու տարի հետո տեղափոխվել եւ ուսումը շարունակել Երեւանում: Սովորել է Երեւանի ազգային ագրարային համալսարանի վարժարանում, ապա ընդունվել նույն համալսարանի գյուղատնտեսական հումքի եւ պարենքամթերքի փորձաքննություն, սերտիֆիկացում եւ ստանդարտացում բաժինը: 2016 թվականին ծառայել է հայոց բանակում, Ասկերանի զորամասում եւ աչքի ընկել որպես հմուտ հրետանավոր ու պարգեւատրվել «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Զորացրվելուց հետո կրթությունը շարունակել է հեռակա ուսուցմամբ, միաժամանակ աշխատել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում որպես անվտանգության աշխատակից` նախապես վերապատրաստվելով «Բերկուտ» թիկնապահական եւ պահնորդական ուսումնական կենտրոնում:

Սեպտեմբերի 27-ին, թշնամի թուրքի հարձակման օրը, Կարենն արդեն փոխել էր իր ֆեյսբուքյան հարթակի նկարը` «Մենք անպարտելի ենք» մակագրությամբ ու մեկնել մասնակցելու հայրենիքի հաղթանակի կերտմանը…  Բայց…

… Երբ նույն օրը, նույն ժամին երկու դիակառք է դուրս գալիս նույն գյուղից, մի ակնթարթ հույսը թեւաթափ է լինում, հավատը բեկվում է, մարդկային լեզուն չորանում է ասել, որ այս պայծառ տղաները, մեր երկրի հաղթանակը եւ մեր նորօրյա պատմությունը կերտող տղաները ինչքա~ն բան կարող էին տալ հայրենի Շաքե գյուղին, իրենց ընտանիքներին, իրենց ազգին, բայց նույն գյուղում միասին մեծացած տղաները ճակատագրորեն էլ հարատեւ ննջեցին նույն` հայրենիքի նահատակների սրբավայր պանթեոնում…

ԿԱՐԵՆ ԶՈՐԱՎԻԿԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ,- Ծնվել է 1990 թվականին Շաքե գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է հայոց բանակ: Բանակում էլ կոփվել է նրա կամքը, մեծացել սերն ու նվիրումը զենքին, հասունացել գաղափարապես ու հենց այդ ժամանակներից զգացել, որ, ինչպես իրեն, այնպես էլ հասակակիցներից շատերին է ճակատագիրն ընտրել որպես հայրենիքի պաշտպան ու զինվոր, եւ, որպես պայմանագրային, շարունակել է իր ծառայությունը բերել հայոց երկրին ու հայոց հողի պաշտպանությանը: Չորս տարի ծառայելուց հետո տեղափոխվել է Արցախ, ապրել երկիր ու հայրենիք կառուցելու բերկրանքը, վայելքը եւ պատասխանատվությունը:

Սեպեմբերի 27-ը Կարեն Իսրայելյանին էլ ոտքի հանեց` կանգնեցնելու թուրք անունով գիշատիչ թշնամուն… Սակայն հոկտեմբերի 16-ին կտրվեց նրա կյանքի թելը…

ԴԱՎԻԹ ՀՄԱՅԱԿԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ,- Ծնվել է 2000 թվականին, Շաքե գյուղում` Դանիելյանների բազմանդամ ընտանիքում: Ընտանիքի 10 զավակներից կրտսերն էր, ինչպես ասում են` բոլորի բաժին սերը, որ հետո պիտի դառնար ազգի բաժին մեծ սիրո մասնիկը… Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է հայոց բանակ… Տնեցիները հպարտությամբ են կրել զինվորի ծնող, քույր ու եղբայր լինելու պատվանունը: Ծառայությունը մոտենում էր ավարտին, երեք ամիս հետո ցնծության աղաղակներով տնեցիները պիտի հայրենի տան բակում դիմավորեին իրենց զորացրված որդուն, բայց, ավաղ, դիմավորեցի հոկտեմբերի 16-ին նենգ թշնամու արձակած զենքից նահատակված հերոսացած հայոց զինվորին:

Հ.Գ. Հաղթանակը կկերտվի, անտարակույս է, հաղթողները տուն կգան, եւ արդեն ազգովի կխոնարհվենք, ծնրադիր, ձեռքն ի սիրտ կփառաբանենք այս սրբազան քաջերին, ովքեր ընկան հաղթանակը կերտելու, ազգային վերածնունդը ապահովելու ճանապարհին…  Ցավը համակ է, բայց ցավը չէ մեր առաջնորդը, վիշտը անփարատ է, բայց վիշտը չէ մեր պատգամը… Տղաներին դեռ կայցելենք, միշտ կայցելենք, դեռ նրանց մասին հերոսապատումի նոր էջեր կգրենք, հաճախ կգրենք, գալիք սերունդները նրանց տապանաքարերի առաջ հայրենասիրության ու հայրենապշտության նոր դասեր կառնեն, հարազատները իրենց նորածիններին Դավիթ, Կարեն, Յուրի կանվանակոչեն ու այս պայծառ, ազնվական տղաները կհառնեն որպես հաղթության դրոշ, որպես վերածնված հայրենիք…

Հավերժ փառք ձեզ, երազ ու սեր տղաներ… Հավերժ խոնարհում…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ