Զոհվել է «Արծիվ 30» մահապարտների գնդից Վահե Օհանյանը. սա ազատամարտիկի երրորդ պատերազմն էր


Զոհվել է «Արծիվ 30» մահապարտների գնդից Վահե Օհանյանը. սա ազատամարտիկի երրորդ պատերազմն էր
Հոկտեմբեր 17 22:52 2020

Արցախի դեմ ադրբեջանա–թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում Արցախի հյուսիսարևելյան հատվածում ծանր վիրավորվել, ապա օրեր անց հիվանդանոցում մահացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, «Արծիվ 30» մահապարտների գնդի անդամ Վահե Օհանյանը։ Վերջինս Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից էր, ունի չորս զավակ։ Օհանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան առաջին ազատամարտին, պարգևատրվել մի շարք հուշամեդալներով՝ այդ թվում ԵԿՄ, «Անդրանիկ Օզանյան», «Անկախության 25–ամյակի»։ Օհանյանը կամավոր Արցախ էր մեկնել նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։

Ազատամարտիկի հարազատները NEWS.am–ին հայտնեցին, որ Օհանյանը անտեսելով ծանր հիվանդությունը, պատերազմի առաջին իսկ օրը կամավորագրվել էր, իսկ հոկտեմբերի 8֊ին մեկնել ռազմաճակատ։

«Ընտանիքը փորձել է հետ պահել՝ հաշվի առնելով  հիվանդությունը, բայց նա ասել է, որ հայրենիքը թանկ է իր կյանքից և գնում է մեր 18–20 տարեկան տղաների հետ՝ կիսատ գործն ավարտելու»,–պատմեց մեր զրուցակիցը։

Ցավոք, Վարդենիկ գյուղից զոհվել են նաև զինծառայողներ՝ մայոր Հակոբ Գևորգյանը, Արսեն Աբրոյանը, Հարութ Ավետիսյանը, Տիգրան Արշակյանը։ Վարդենիկցիները սգում են գյուղի հերոս նահատակների համար։