Ադրբեջանը, պատերազմ սանձազերծելով, օգնեց Հայաստանին լեգիտիմացնել այն մոտեցումը, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում լինել. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ)


Ադրբեջանը, պատերազմ սանձազերծելով, օգնեց Հայաստանին լեգիտիմացնել այն մոտեցումը, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում լինել. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 16 20:39 2020

Արցախում պատերազմի երկրորդ փուլի վիճակում ենք, երբ ադրբեջանցիները «բլից կրիգ»-ի անհաջողությունները հիմա փորձում են այլ ճանապարհով լրացնել և թե՛ հյուսիսում, թե՛ հարավում ներգրավվում են կենդանի ուժի էլեմենտներ, որի արդյունքում վերջին մի քանի օրերին բավական լուրջ մարտեր են ընթանում: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սպառվե՞լ են պատերազմի դադարի համար դիվանագիտական ճանապարհները ու միայն ուժի պարտադրանքի միջոցով պետք է հասնել խաղաղության:

 

«Հնարավորություն միշտ կա պրոցեսը մտցնել ավելի խաղաղ կոնսեսուսի դիվանագիտական հարթություն, բայց հարցն այն է, որ կողմերից մեկն այս պահի դրությամբ իր առաջ դրված այդպիսի օրակարգ չունի, որովհետև առնվազն 20 տարվա մեջ իրենք չեն թաքցնում, որ խնդիրը ցանկանում են ռազմական ճանապարհով լուծել՝ ենթադրելով, որ միգուցե բանակցային ճանապարհով իրենց անհրաժեշտ շահաբաժնին չկարողանան հասնել: Այստեղ կա նաև մեծ տերությունների գործոնը, բայց պետք է հասկանալ, որ երբեք ստիպողական համաձայնությունները երկար չեն տևում»,- ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչքանո՞վ է տրամաբանական Թուրքիայի՝ Մինսկի խմբի բանակցային գործընթացի մաս դառնալու Ադրբեջանի պահանջը, հնարավո՞ր է, որ Թուրքիան դառնա բանակցային կողմ, Ալեն Ղևոնդյանը նշեց՝ չնայած որ Թուրքիան ԵԱՀԿ կազմակերպության անդամ պետություն է, բայց Մինսկի խումբն ունի կոնկրետ ֆորմատ և իր առջև դրած խնդիր, իսկ արցախյան կարգավորումը այդ տիրույթում է. «Եթե ուշադիր հետևեք ՌԴ ԱԳ նախարարի վերջին դիտարկումներին՝ կապված ֆորմատի փոփոխության հետ, կտեսնենք, որ այդպիսի փոփոխություններ չեն կարող լինել, որովհետև Թուրքիան ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ունի կոնֆլիկտի նկատմամբ և աշխատում է Ադրբեջանի կողմից: Հետևաբար, բանակցային գործընթացը այդ հիմքով կարող է ձախողվել, որովհետև, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ այստեղ խնդիրը կառավարելի, բալանսի վիճակ ապահովելն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Թուրքիայի մուտքը Մինսկի ֆորմատ, խախտելու է այդ ամենը: Եվ չեմ կարծում, որ նման օրակարգը իրատեսական է առնվազն այս պայմաններում»:

 

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը՝ քաղաքագետը մեկնաբանեց, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ խնդիրները լուծվեն ռազմական ճանապարհով և ցանկանում է որոշակի կայունություն ապահովվել, իսկ Պոմպեոյի ուղերձի միտքն այն է, որ իրենց ներգրավվածությունը կլինի բավականին զուսպ, խորհրդատվական մակարդակում, և խնդիրը պետք է լուծեն կողմերը՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության, իսկ թե երրորդ կողմ ասելով, ով ում է հասկանում, քաղաքագետի կարծիքով, դա այլ հարց է:

«Միջազգային հարաբերությունների համակարգում, պետք է հասկանալ, որ այն պետությունը, որն ունակ չէ ինքն իրեն պաշտպանել, նրան որևէ մեկը չի կարող օգնել ու պաշտպանել, և այդ պետությունն ինքը պետք է կարողանա լուծել այդ խնդիրները՝ իր ներուժի շրջանակում: Մեծ հաշվով, Միացյալ Նահանգներն ուզում է հասկանալ, թե կողմերն ի՞նչ ներուժ ունեն և որքանո՞վ կկարողանան խնդիրը լուծել գոնե իրենց ընտրած ճանապարհով, այս պարագայում վեկտորը ուղղված է Ադրբեջանին, իսկ ճանապարհը ռազմական է: Ինչ-որ մի փուլից հետո, որ հասկանան պրոցեսը շատ է երկարում և  էսկալացիայի վտանգ կա, միգուցե ճնշման գործիքակազմն ավելի հասցեական լինի, բայց այս պահի դրությամբ, ակնհայտ է, որ խնդիրը լուծվում է ոչ թե դիվանագիտական խորհրդակցությունների միջոցով, այլ ռազմադաշտում»:

Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալով հարցին, թե Արցախի անկախությունը ճանաչել են Միլանը և ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը, կարո՞ղ ենք համարել, որ Արցախի ճանաչման գործընթացը սկսվել է, պատասխանեց. «Մեկ անգամ չէ, որ նշել եմ, որ պատերազմից պետք է դուրս գանք երկու պետությամբ: Այդ քաղաքների կողմից Անցախի անկախության ճանաչումը միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի շատ սիմվոլիզմի դրսևորումներ ունի, բայց շատ կարևոր դրսևորում է, և այսպիսի փոքր օղակները մթնոլորտ են ստեղծում, որ այնուամենայնիվ խնդրի լուծման ճանապարհը մեկն է: Առնվազն պետք է հասկանալ, որ Ադրբեջանը, պատերազմ սանձազերծելով, օգնեց Հայաստանին լեգիտիմացնել այն մոտեցումը, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում լինել, այսինքն՝ ուղղակի հայերը կբնաջնջվեն: Հետևաբար, այդ հանգամանքից ելնելով՝ կարող ենք սա օգտագործել դիվանագիտական պրոցեսներում որպես կարևոր փաստարկ, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը խնդիրը ցանկանում է լուծել ռազմական ուժի տեսանկյունից, և դա ապացուցում է մեր այն թեզը, որ Արցախը և Ադրբեջանը մեկ պետության մեջ չեն կարող լինել»:

Խոսելով Հունաստանի ԱԳ նախարարի Հայաստան այցի մասին՝ Ալեն Ղևոնդյանը նկատեց, որ այցի նպատակը Արցախում տեղի ունեցող պրոցեսներն են և հավանաբար այն ուղիները, որոնք ընկալելի են Հայաստանի ղեկավարության համար՝ իրավիճակի փոփոխման հեռանկարների տեսանկյունից. «Հավանաբար, դիվանագետները փորձում են հասկանալ այն միջավայրը և այն խաղացողների ցանկը, ում հետ հնարավոր է քննարկումներ ապահովել և ում՝ ինչ չափով ներգրավել»:

Մանրամասները՝ տեսանյութում: