ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարցն այժմ օրակարգում չկա, գրում է belta.by կայքը։
Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ն նախատեսում է այս տարի իր խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ում ընդգրկելու համար անհրաժեշտ իրավական աշխատանքներն ավարտին հասցնել, իսկ մյուս տարի արդեն այս ուղղությամբ կոնկրետ բանակցություններ կանցկացվեն։
Զասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնական նպատակն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով ապահովել միջազգային խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումը: Այս նպատակով կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք ունակ են լուծել խաղաղապահ խնդիրներ, հակամարտող կողմերին առանձնացնելու պայմաններ ստեղծել, բանակցային գործընթաց սկսել և, ընդհանուր առմամբ, խաղաղություն հաստատել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում