էս օրերին հաճախ եմ մտածում Շվեյցարիայի մասին: Մտածում եմ` ինչքան ավելի հեշտ կլիներ լինել հայրենասեր շվեյցարացի, ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Իմ առօրյա բնակավայր դարձած ու պոստապոկալիպտիկ մոլորակ հիշեցնող Աղդամի մատույցների փոխարեն ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել անսահման ալպիական մարգագետինները, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միամաբության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:
«էս օրերին հաճախ եմ մտածում Շվեյցարիայի մասին: Մտածում եմ` ինչքան ավելի հեշտ կլիներ լինել հայրենասեր շվեյցարացի, ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Իմ առօրյա բնակավայր դարձած ու պոստապոկալիպտիկ մոլորակ հիշեցնող Աղդամի մատույցների փոխարեն ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել անսահման ալպիական մարգագետինները: Ողջ Շվեյցարիայում դժվար գտնվի գեթ մեկ քառակուսի կիլոմետր ամայի, չբեր, փոշիացած կավահող տարածք, որը հատվածներով պատված կլինի փշալարով, այլ հատվածներում ականապատ կլինի ու ամենուր ռմբակոծման կռատերներ կլինեն:
Չկա Շվեյցարիայում մի հատված, որտեղից ամեն Աստծո օր ու գիշեր ինձ և իմ համար ամենա թանկ մարդկանց վրա կկրակեին բոլոր հնարավոր զինատեսակներից: Շվեյցարիայում կողքիս կանգնած ջահելի վրա տանկից չէին կրակի: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի, բեկորային վնասվածք ստացած եղբորս, ուսերիս վրա քարշ տալ դեպի` վերջապես վրա հասած ՈւԱԶ-իկը: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի հոգեբանական և ֆիզիկական բռնության սպառնալիքի ներքո ստիպել, որ տղերքը բլինդաժից չհամարձակվեն անգամ հայացք նետել դեպի դուրս: Տո Շվեյցարիայում դժվար մի բլինդաժ ճարեի, ուր մնաց էդ 15 մետրանոց բլինդաժում 30 հոգով օր ու գիշեր հրետակոծություններից խուսափեի: Շվեյցարիայում ես զուտ ձայնով չէի կարողանա տարբերել իմ վրա արձակված 5,45-ը 7,62-ից, 60մմ-ը 120մմ-ից, տանկի արկը Գրադից, Դ44-ը Դ20-ից... ու այդպես ամեն օր, օր ու գիշեր, անդադար: Շվեյցարիայում դժվար գտնեի պպզովի զուգարան, գտնելուն պես էլ դժվար ականատեսը լինեի թշնամու ինքնաթիռի խոցմանը հենց իմ գլխավերևում: Վերջիվերջո Շվեյցարիայում կա հյութ, պատառաքաղ ու, ասենք, զուգարանի թուղթ:
Հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Թեպետ, չգիտեմ ինչու, թե´ շվեյցարացիները և, թե´ այլ «հեշտ սիրվող» երկրների քաղաքացիները աստիճանաբար դադարում են սիրել այդ հրաշք երկրները: Չգիտեմ ոնց ա ստացվում, որ ես էս անտերը սիրում եմ, իսկ իրենք իրենցը` ոչ: Ընդ որում, հենց դադարում են սիրել, սկսում են ազգովի վերանալ, կտրուկ անկում է ապրում ծնելիությունն ու ամբողջ մշակույթներ ոչնչանում են, երբ սիրելը հեշտ է:
Մեզ համար շատ ավելի դժվար է սերը տրվում ու մենք էլ ենք զոհվում, բայց մեր զոհերը նոր կյանքի խոստում են տալիս, իսկ իրենց «զոհերը» անվերադարձ են: Իրենք կդադարեն սիրել «Շվեյցարիան» ու կդադարեն ապրել, հետն էլ կդադարի գոյություն ունենալ իրենց երկիրը, իսկ իմ Աղդամը կմնա նույնիսկ ինձանց հետո... գուցե կմնա փլատակ, բայց կմնա, որտև սերը երևի այլ կերպ չի լինում, այն պիտի դժվար տրվի...
Հիմա սիրելու մի ձև կա` զինվորագրվելը: Լայքերն ու շեյրերը այլևս առ ոչինչ են, դրեք «+», զինվորագրվեք ու եկեք մեր հետ էս «չեռնոբիլը» սիրելու: 30 տարի առաջ մեզանից ընդամենը 0.3%-ը սիրեց Չերնոբիլ հիշեցնող այս հողը, եթե մեր մեջ բարոյազրկությունը գոնե մի քիչ նվազել է, այդ ցուցանիշը պիտի կտրուկ աճի ու, եթե աճի, եթե այս անգամ ազատամարտին մասնակցի գոնե 3%-ը, եթե զենք վերցնի գոնե մի 100-150 հազար մարդ, ապա Հայաստանը սիրելը մի փոքր էլ կհեշտանա, նույնիսկ էն Հայաստանը, որտեղ ինձ մեղադրում են Աղդամը օտարելու ցանկության մեջ...
Մենք պատերազմում ենք արդեն 20 օր, մնաց ևս մի քանի տարի... կամ տասնամյակ: Չգիտեմ, դա էական էլ չէ, էականը, մնայունը սերն է: Դե ձեզ տեսնեմ...», - գրել է նա