Հայաստանի եւ ՌԴ ՀՕՊ միասնական համակարգի մասին համաձայնագրով նախատեսված բոլոր միջոցառումները լիարժեք կատարվում են։ Այս մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՕՊ հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը։
Նրա խոսքով՝ դրված բոլոր խնդիրները հաջողությամբ իրականացվում են։ Այսօր խոցվել է ադրբեջանական եւս մեկ Սու-25 գրոհիչ։
Գարիկ Մովսեսյանը հայտնեց Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայում թուրքական բազմաթիրախային F16 կործանիչների ակտիվ մանակցության մասին։ Նա հիշեցրեց, որ թուրքական ավիացիան Ադրբեջանում է հայտնվել լայնածավալ զորավարժությունների ժամանակ։ Ընդ որում՝ նախապատրաստման եւ զորավարժությունների անցկացման ժամանակ ուսումնական թռիչքներ է կատարել Հայաստանի եւ Արցախի սահմանի երկայնքով՝ Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանջա-Հադրութ, Գյանջա-Ստեփանակերտ երթուղիներով։ Զորավարժություններն ավարտվելուց հետո թուրքական օդանավերը մնացել են Գյանջայում։ Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ՌՕՈՒ-ն պարկի եւ անձնակազմի ռոտացիա է կատարել։ Թռիչքն իրականացվել է Վրաստանի օդային տարածքով։
Մովսեսյանը շեշտեց, որ ագրեսիայի ամենասկզբից թուրքական ավիացիան ակտիվորեն մասնակցել է օդից աջակցության ապահովմանը։ Հարվածներ է կատարել Հայաստանի եւ Արցախի տարածքների վրա։ Սեպտեմբերի 27-ին թուրքական երկու F16 Հայաստանի օդային սահմանը խախտել են Գեղարքունիքի մարզի գյուղերի ուղղությամբ՝ թռչելով 6 կմ խորությամբ։ Գարիկ Մովսեսյանը սլայդներ ներկայացրեց, որոնք հաստատում էին ասվածը։ Սեպտեմբերի 29-ին Մինգեչաուրում գտնվող թուրքական կործանիչը հայտնաբերել է հայկական Սու-25 գրոհիչը եւ սահմանից 60 կմ խորությամբ խփել հրթիռով։ Օդաչուն զոհվել էր։
Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները հանդես եկան թուրքական ավիացիայի մասնակցության մասին հայտարարությամբ, նրանք մարտավարությունը փոխեցին։ Թուրքական կործանիչները հոկտեմբերի 3-ից Գյանջայից տեղափոխվել են Գաբալա։ Եթե մինչ այդ թուրքական ՌՕՈՒ-ն առանձին գործողություններ էր կատարում, ապա դրանից հետո սկսել են գործել Ադրբեջանի ավիացիայի հետ։ Դա կատարվում է հետեւյալ կերպ։ Թուրքական կործանիչների մեկ կամ երկու զույգ հերթապահում է Մինգեչաուրում։ Նրանց աջակցում են հետախուզության եւ Թուրքիայի տարածքի օդում հեռավար տեղորոշման միջոցները։ Հետո ադրբեջանական Սու-25-ն ուղղվում է դեպի Մինգեչաուր։ Մի քանի շրջան կատարելով՝ բաժանվում են։ Ադրբեջանական 1 կամ 2 Սու-25 զբաղեցնում է F16-ի տեղը, իսկ վերջիններն ուղղվում են դեպի Մարտակերտ հարվածներ հասցնելու։ Վերլուծելով թուրքական կործանիչների գործողությունները՝ եկել ենք այն եզրակացության, որ դրանք կատարում են Ադրբեջանի ՌՕՈՒ-ի գործողությունների շտկման խնդիր, նպաստում են հարվածներ հասցնելուն եւ քողարկելուն։
Ի պատասխան հակառակորդի կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին հարցին՝ Մովսեսյանը նշեց մեծ քանակությամբ թուրքական արտադրության «Բայրաքթար» սարքերի մասին։ Հայտնի են նաեւ իսրայելական Harop-ների օգտագործման դեպքեր Գեղարքունիքին եւ Սյունիքին հարվածելիս։ Հոկտեմբերի 10-ին իսրայելական անօդաչուն հարված էր հասցրել Կապանի անվտանգությունն ապահովող ՀՕՊ ստորաբաժանմանը։ Կան զոհվածներ, պատճառվել է նյութական վնաս։