«Կամավոր Արցախ մեկնած 23-ամյա Զաքար Սերոբյանը զոհվեց իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 11-ին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրա մտերիմ ընկերը՝ Արման Մակարյանը:
Զաքարն ունի 2 եղբայր, ինքը տան միջնեկն է: Ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ապա ուսումը կիսատ թողել և զորակոչվել էր հայոց բանակ: Վերադարձել և շարունակում էր ուսումը: Սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսելուն պես զինվորագրվում է, առաջին կամավորներից էր, որ շտապեց զինկոմիսարիատ, ապա մեկնեց Արցախ:
Զաքարը ծնունդով Արարատի մարզի Արալեզ գյուղից էր: Նրա ընկեր Արմանը պատմեց, որ տեղափոխվել էր Երևան, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նորից գնացել էր հայրենի գյուղ և որոշել էր հողագործությամբ զբաղվել:
«Նույնիսկ շինարարություն էր սկսել, փոքր հացի փուռ էր ուզում սարքեր, հենց իրենց տանը կպած: Շինարարությունն արդեն սկսել էր, կիսատ մնաց, ցավոք սրտի: Գյուղում ապրում էր հոր, պապիկի ու եղբոր հետ, նրա մայրը մի քանի տարի առաջ է մահացել: Զաքարի մեծ եղբայրը վաղուց Ռուսաստանում է, իսկ փոքրը՝ Ռուբենը, Երևանում վարսավիր էր աշխատում, ախպորն էլ հետը տարավ գյուղ, վարսավիրանոց սարքեց հենց այդ փռի մոտ, ախպերը սկսել էր այնտեղ աշխատել: Գիշեր-ցերեկ աշխատում էր փռի վրա, ասում էր՝ պետք է շուտ պրծնեմ: Ցավոք սրտի, Զաքարն ամուսնացած չէր, գոնե մի ժառանգ ունենար: Ինքը շատ խելացի էր, մի հարցի շուրջ, որ իր հետ խոսում էիր, կարող էր բոլորի հետ բանավիճել, որովհետև ամեն ինչի ճիշտ պատասխանը գիտեր, կյանքում իր հետ շփվողը չէր ասի, թե ինքն այս տարիքի տղա է, ավելի հասուն մարդու նման էր դատում: Իմացավ, որ առաջին գծում անհրաժեշտ են կամավորներ, ամենաառաջիններից հենց ինքը գնաց: Սեպտեմբերի 28-ին գնաց իրենց վայենկոմատ, ասաց՝ ես ուզում եմ գնամ, ու նստեց գնաց հենց այդ պահին, անգամ տուն չեկավ, որ գոնե տաք շոր վերցնի հետը, գոնե հաց դնեինք հետը, հենց նույն պահին նստեց ու գնաց»,- պատմեց զոհված Զաքարի ընկերը: