Պատկերասրահը՝ ներքնակների արտադրամաս. կամավորներն աշխատում են առաջնագծի համար


Պատկերասրահը՝ ներքնակների արտադրամաս. կամավորներն աշխատում են առաջնագծի համար
Հոկտեմբեր 13 19:36 2020

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում արդեն 13 օր է՝ եռում են կամավորական աշխատանքները։

Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին օրվանից Հակոբ Ճաղարյանի և իր կնոջ՝ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ կամավորներն այստեղ հավաքում են սննդամթերք, հագուստ, դեղորայք, կարում են անձրևանոցներ և ուղարկում առաջնագիծ։

Կամավոր Անի Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ այժմ էլ կարում են ներքնակներ զինվորական հոսպիտալների համար։

Կամավորների շարքում մեծ թվով արվեստագետներ կան, տարբեր տարիքի քաղաքացիներ՝ դպրոցականներից մինչև տարեցներ, նաև ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներ։

Ցերեկային ժամերին կանայք կարում են, հավաքում, երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտին, նրանց միանում են տղամարդիկ, որոնք կազմակերպում են բեռնափոխադրման աշխատանքները։

«Երբ մեր երկիրը հայտնվում է պատերազմական վիճակում, մեր ազգը դառնում է բանակ, և ամեն մեկն իր ուժերի չափով փորձում է գործել հօգուտ հայրենիքի։ Չեմ կարծում, որ Հայաստանում կլինի գեթ մեկ մարդ, որը սահմանին կանգնած հարազատ կամ ընկեր չունի։ Սա մեր խոնարհումն է մեր զինվորների կամքին և ուժին», - ասում է Անի Հակոբյանը։