Դավիթն ինքն էլ տեղյակ չէր «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվելու մասին, բայց նրանից սպասելի էր հերոսությունը. ԱԹՍ խոցած կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանի քույր


Դավիթն ինքն էլ տեղյակ չէր «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվելու մասին, բայց նրանից սպասելի էր հերոսությունը. ԱԹՍ խոցած կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանի քույր
Հոկտեմբեր 13 16:48 2020

Դավիթի հերոսության մասին մենք էլ պատահական իմացանք, առաջինը մեծ եղբայրս  համացանցում կարդաց,  հետո մեզ հայտնեց, այդ պահն անբացատրելի էր, հուզվեցինք ու հետո խոսեցինք իր հետ, նա էլ տեղյակ չէր. նա էլ անակնկալի եկավ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցած կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանի քույրը՝ Աննա Ղումաշյանը:

 

Նշենք, որ Դավիթ Ղումաշյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Հերոսական արարք կատարած Դավիթ Ղումաշյանի քույրը նշեց, որ պատերազմի առաջին օրվանից տեղյակ էին, որ Դավիթն առաջնագծում է: «Զանգել է, ասել է, որ շատ լավ է, որ չանհանգստանանք, ամեն ինչ լավ է լինելու, որ Աստված իր և բոլոր զինվորների հետ է»:

 

Քրոջ խոսքով՝ Դավիթը շատ սիրված տղա է,  շատ տաղանդավոր, ընկերասեր, բոլորին օգնող երիտասարդ է և նրանից նման հերոսությունը սպասելի էր: Եղբորս կփոխանցեմ, որ լինի ուժեղ, անկոտրում, որ այս պատերազմը շուտ վերջանա, ու գա տուն: Ու միշտ հիշի, որ իրեն շատ ենք սիրում և անհամբեր սպասում ենք իր վերադարձին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։