Իրանական IRNA լրատվական գործակալությունն անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը՝ նկատելով, որ հակամարտության շարունակումը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի անվտանգության վրա՝ տարածվելով դրա սահմաններից այն կողմ:
Աղբյուրը գրում է, որ լինելով Բաքվի մեծագույն արտաքին դաշնակիցը՝ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, և դա շատ նորմալ է, որ Հայաստանի ավանդական դաշնակից Ռուսաստանն այս իրավիճակում կաջակցի Երևանին: Թեև Ռուսաստանը Հայաստանի հետ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր ունի, սակայն նա երբեք բացահայտորեն չի մասնակցել հակամարտությանը: Ռուսաստանը միայն պնդել է, որ երկու կողմերն ընդունեն հրադադարի ռեժիմը և նվազեցնեն լարվածությունը:
«Իրանը նույնպես դրական դերակատարում ունի ճգնաժամը դեպի խաղաղ լուծման տանելու հարցում: Իրանի կառավարության և լրատվամիջոցների դիրքորոշումը անմիջական դեր ունեն ԼՂ-ում հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»,-գրում է IRNA-ն:
Ըստ աղբյուրի, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան ջիհադականներ է բերում Սիրիայից դեպի տարածաշրջան, անհանգստություն է առաջացել: Պաշտոնական Երևանը հայտնել է, որ Թուրքիան 4000 վարձու գրոհային է բերել ԼՂ տարածք, ինչը Բաքուն և Անկարան հերքել են:
«Այդ թիվը կարող է չափազանցված լինել, սակայն չի բացառվում, որ տարածաշրջանը կարող է ապահով ապաստան դառնալ ծայրահեղականների և ահաբեկիչների համար, երբ կենտրոնական իշխանություններն անկայուն դառնան: Հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտությունը տեղի է ունենում Մերձավոր Արևելքի մոտակայքում և ներկա են ահաբեկիչներ Չեչնիայից և Աբխազիայից, ապա տարածքը կարող է նոր ապահով ապաստան դառնալ գրոհայինների համար:
Կրոնական տարբերությունները նույնպես կարող են խթան և կատալիզատոր հանդիսանալ տարածաշրջանում ծայրահեղականների ներկայության համար, այդ իսկ պատճառով Իրանի նախագահ Հասան Ռոհանին պնդում էր խնդրին շուտափույթ լուծում տալ: Ճգնաժամի ձգձգումը և այլ ուժերի ներկայությունը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը տարածարջանում»,-եզրափակում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 542 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում: