Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հայկ Սահակյանի քեռի Արմեն Հովհաննիսյանը:
«Կարոտն ամեն օր ավելի է մեծանում, ինչքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է… սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է: Հույսը վերջում է մեռնում, անգամ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ, երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մեռնում, սպասումը՝ երբեք:
Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս: Քո խենթ ու ազնիվ բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՛ մեր և թե՛ ընկերների կյանքում, որ ասելու չէ:
Այդքան հոգատար մարդ դժվար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության: Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մոր օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր: Հայկը կատակասեր էր...անչափ կատակասեր: Անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր:
Հայկը երբեք չէր սիրում դպրոցական դասերը, միշտ բողոքում էր, բայց ինչպիսի եռանդով էր կարդում գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին: Ինքնուրույն սովորեց վարժ հաղորդակցվել ռուսերենով և հայերենով, սովորեց մաթեմատիկա ու ֆիզիկա: Ինքնուրույն ընդունվեց համալսարան: Ամենից շատ ուզում էր դառնալ ինժեներ: Ասեցինք՝ Հայկ, գնա համալսարան, նոր բանակ կգնաս: Մերժեց, բա թե պարտք ունեմ կատարելու: Կատարեց հերոսաբար: Վերջին գրառումն էր բանակ գնալուց առաջ՝ Կմեռնեմ հանուն ձեզ:
Մենք բոլորս սպասում էինք նրա վերադարձին և նշանադրությանը: Հայկը հավերժ սիրահար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին: Հայկը եղբոր հետ պայմանվորվել էր. բա թե ես տղա կունենամ անունը Գևորգ կդնեմ, դու էլ տղուդ անունը՝ Հայկ: Գևորգս շուտով որդի կունենա:
Հայկը նաև աշխատասեր ու հասուն մարդ էր: Սիրելիի համար նվեր էր ուզել գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր կատարել:
Հայկս, դու գնացիր ու սրտիս մի մասը հավերժ դատարկվեց: Քույրս ասում է՝ թող որդիս վերջին զոհը լինի ու հաղթանակենք այս պատերազմում: Հաղթել ենք, անկասկած հաղթել: Հավերժ փառք ու պատիվ մեր զինվորներին: Կոտրվել չկա, մենք պիտի ապրենք խաղաղ երկնքի տակ»,-գրել է Հայկ Սահակյանի քեռին: