Երևանի թիվ 198 ավագ դպրոցի` Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Մելիքյանը` Արցախում զոհված իր աշակերտի` Դավիթի մասին.
«Երազի պես պայծառ, հրաշք տղաս՝ իմ Դավիթ: Լուսավոր, կենսախինդ, ուրախ... ու ընդամենը տասնինը տարեկան... խոստումնալից, գրագետ, ընկերասեր, հարգալից... Հուզմունքը խեղդում է, բայց կիսատ թողնել չեմ կարող... խելոք, կատակասեր, բարի ու լավ տղա...
Սևաթուխ աչքերիդ փայլը ջերմացնում է քար աշխարհի սառնությունը, վառվող հրաբուխի պես քանդում, տակնուվրա անում, փոթորկում: Մրմռացնող ջերմությանդ միջից ցավի, հուսահատության դողն է թրթռում ու տարածվում քեզ բոլոր ճանաչողների սրտերում.... Նկարդ ձեռքից ձեռք են փոխանցում՝ քեզ նորից տեսնելու, իրականության հետ չհաշտվելու բառերը քեզ ասելու ու խռովվելու, փոթորկվելու, փշրվելու... Միշտ զգոն, հավասարակշռված, կազմակերպված տղայիս մեջ փոքրիկ, աշխույժ, օգնություն ակնկալող Դավոյիս եմ փնտրում. ժպտում ես անհոգ, բայց այնքան խոհական, այնպես խորաթափանց:Սևեռուն աչքերիդ ծովում մի բան ասելու ցանկությունդ հոսանքի պես այրում է, անկատար թողած երազանքներդ տարածում այս փոքր հողի վրա, ուր քեզ ճանաչող մարդիկ կսկծում են, սգում ու քեզ փնտրում ամենուր... Բոլորի հիշողության մեջ նույնն ես՝ ազնիվ, մաքուր, պարզ,անմիջական, հարցասեր աշակերտը՝ միշտ ավելիին ձգտող, նպատակասլաց, նույն ընկերը՝ հասնող, աջակից, օգտակար...
Լավ ընկեր, լավ աշակերտ, լավ մարդ լինելը քիչ էր քեզ համար... Դպրոցում էլ, երբ արցախյան պատերազմի ժամանակ լսեցիր հայրենյաց նահատակ մեր հերոսների մասին, սիրտդ պոռթկաց, վառվեց կրակի պես, լցվեց վրեժի և վրեժխնդրության զգացումով՝ անօրեն թշնամու հախից գալու պատրաստակամությամբ լցված: Իսկ երբ իմացար, որ ընկած տղերքին անձամբ ես ճանաչում, մռայլվեցիր, հալվեցիր, ու ալեկոծվեց զգայուն հոգիդ: Կյանքի և կռվի, արժանի ու տմարդի ապրելու պատկերացումներդ հյուսեցիր քո երազանքներում, ու Աստված գիտի, թե էլ ինչ ճակատագիր խնդրեցիր քեզ համար...
...Քո հոգու թաքուն անկյունում պահեցիր հայոց հերոս զինվորների լույսը, որ լուսավորեն ու ցույց տան իրենց մոտ բարձրանալու ճանապարհը.... Լույսի ճամփան տարավ քեզ անհուն տիեզերք, որ այնտեղից շողարձակես, լուսավորես ու ջերմացնես այն հողը, որը քեզ ծնունդ տվեց ու խոստացավ հավերժ պահել իր գրկում...Փառավորվեց քո հոգին, հերոս տղա, խելոք աշակերտ, մեր Դավիթ... Ընդամենը տասնինը տարեկան...
Հավերժ փառք...»: