«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը զրուցել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի հետ, որը ներկա պահին գտնվում է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում:
Լրագրողը հայրենակցի հետ զրույցում նշել է, որ հիշողությունն ամբողջովին չի վերականգնվել ստացած վնասվածքից հետո:
«Մեզ հետ սաղավարտներ և զրահաբաճկոններ չէինք վերցրել՝ մտածելով, որ Ստեփանակերտում կտան, սակայն ճանապարհին տեղեկացանք, որ Շուշիի եկեղեցու ուղղությամբ հարված է հասցվել և մեկնեցինք այնտեղ: Ես հեռախոսով էի նկարում: Այն ավիառեժիմի վրա էր դրված, այնուամենայնիվ կարողացել էին կոտրել. կարծում եմ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ»- վերհիշում է Կոտենոկը:
Պատմելով երկրորդ հարվածի մասին, երբ իրենք եկեղեցում են եղել, լրագրողը նշել է, որ այն սարսափելի էր: «Արդեն մտածում էի, որ մահացել եմ: Խելքի եկա, փորձում էի կանգնել: Ձայն էի տալիս մյուս թղթակցին՝ Լևոն Արզանովին»,- հավելել է լրագրողը՝ նշելով, որ իրեն դուրս են բերել եկեղեցուց, որից հետո ոչինչ չի հիշում: Հիվանդանոցում արթնանալով՝ իմացել է, որ սրտում փոքր բեկոր է մնացել:
«Նման ցուցադրական դաժանություն նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել»,- հավելել է Կոտենոկը՝ խորհուրդ տալով տեղում աշխատող թղթակիցներին հնարավորինս նվազեցնել տեխնիկական սարքերի օգտագործումը, որոնց պատճառով կարող են հայտնվել ադրբեջանական հարվածների թիրախում:
Հիշեցնենք, որ Յուրի Կոտենոկին փլատակների տակից օգնել էր դուրս բերել «ԱրմՆյուզ»-ի նկարահանող թիմը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 480 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
«Նման դաժանության նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել». Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրողը պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել

