Ֆրանսիան դատապարտել է ԼՂ-ում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը


Ֆրանսիան դատապարտել է ԼՂ-ում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը
Հոկտեմբեր 12 17:36 2020

Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մենք դատապարտում ենք բռնության շարունակումը՝ որ կողմից էլ որ այն լինի և կողմերին այս ամենին վերջ դնելու կոչ անում»,-նշել է ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ֆրանսիան ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն:

«Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն հսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնք կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:

Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը, ըստ որի.

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։