Արցախում նահատակված հայր և որդի Կարապետյաններին Եռաբլուրում վերջին հրաժեշտը տվեցին


Արցախում նահատակված հայր և որդի Կարապետյաններին Եռաբլուրում վերջին հրաժեշտը տվեցին
Հոկտեմբեր 6 08:46 2020

Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում նահատակվել են հայր և որդի Էդիկ և Արմեն Կարապետյանները:

168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է նրանց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:

«Արմենը ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան, տան փոքրն էր, իրենից մեծ 2 քույր ունի: Հայրենասեր երիտասարդ էր, նախաձեռնող, համայնքում շատ ակտիվ, ընկերասեր, մանկուց դաստիարակվել էր հայրենասիրությամբ ու հայրենիքի նկատմամբ մեծ նվիրվածությամբ, հոր օրինակին հետևելով: Հայրն էլ՝ Կարապետյան Էդիկը, 56 տարեկան էր, արցախյան գոյամարտի մասնակից է եղել 1992-1994 թվականներին, «Շուն Էդո» մարտական անունն է ունեցել: Պատերազմը սկսվելուն պես կամավորագրվել, գնացել է մասնակցել կռվին: Տղայի մոտ չէր գնացել, ուրիշ կետում է կռվել»,- ասել է համայնքի ղեկավարի տեղակալը:

Նրա խոսքով՝ սկզբում տղան՝ Արմենն է զոհվել, հետո հայրը՝ Էդիկը:

«Էդիկը տեղյակ չի եղել, որ որդին զոհվել է, տարբեր ճակատներում են կռվել: Արմենը վերջին անգամ, երբ տնեցիների հետ խոսել է, ասել է՝ ամեն ինչ նորմալ է, պայքարում ենք: Հայր և որդի գիտակցված մահվան են գնացել: Շատ սոսկալի ցավ է բոլորիս համար, մի տնից՝ 2 հոգի: Այսօր հուղարկավորությունը եղավ, Եռաբլուրում հայր ու որդի կողք կողքի թաղվեցին»: