Մեզ ասել էին, որ Հովիկը կորածների շարքում է, սեպտեմբերից 28-ից մինչ օրս նրա հետ չենք խոսել, գոնե ձայնը լսենք. հերոսական արարք կատարած Հովիկ Ասատրյանի հորեղբայր


Մեզ ասել էին, որ Հովիկը կորածների շարքում է, սեպտեմբերից 28-ից մինչ օրս նրա հետ չենք խոսել, գոնե ձայնը լսենք. հերոսական արարք կատարած Հովիկ Ասատրյանի հորեղբայր
Հոկտեմբեր 5 23:28 2020

Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային 20-ամյա Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ով ցուցաբերել էր մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել էր հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա սեպտեմբերի 28-ից մինչ այսօր կապի դուրս չի եկել հարազատների հետ: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի Հայկաձոր համայնքից հերոսական արարք կատարած Հովիկի հորեղբայր Արտավազդ Ասատրյանից:

«Վերջին անգամ սեպտեմբերի 28-ին զանգեց, ասաց՝ հոպար, տեղափոխվում եմ, որից հետո որևէ կապ չենք ունեցել իր հետ: Զանգել ենք իր հրամանատարին, նախարարություն, թեժ գիծ, ասել են՝ ցավում ենք, ձեր տղան անհետ կորածների շարքում է: Դրանից հետո ենք իմանում, թե  երեխան ինչ հերոսություն  է արել:  Թուրքի 4 տանկ է ջարդել, պիտի 44-ը դեռ ջարդի, ես էլ հետը կգնամ, բայց թող մի հատ զանգի, ձայնը լսենք, ուրիշ բան չենք ուզում»,-ասաց հորեղբայրը:

Հորեղբայրը նշեց, որ Հովիկ Ասատրյանը ծնողներ չունի, շատ խելացի ու շնորհքով երեխա է, երկու եղբայր ունի, մեծը Երևանում է ծառայում, փոքրը Ռուսաստանում էր, երբ իմացել է, որ եղբորից տեղեկություն չկա, վերադարձել է:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Tert.am