Այսօր Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացավ հինգ զինծառայող: Նրանցից մեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող 22-ամյա Էդգար Էդվարդի Մարկոսյանն է, որը Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
Էդգարն ընտանիքի անդամներին չի ասել, որ առաջնագծում է, պաշտպանում է հայրենիքի սահմանները: Ընտանիքին հայտնել է, որ թիկունքում է, որպեսզի ընտանիքի անդամները չանհանգստանան:
Tert.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Լուսինե Մարկոսյանը պատմեց, որ շատ քիչ են խոսում Էդգար Մարկոսյանի հետ, հենց հնարավոր է լինում մի 2 վայրկյանով ասում է՝ լավ եմ, ամեն ինչ լավ է: «Կեսօրին զանգ եկավ, կուրսեցիս էր, վերցրի, ցածր ձայնով էի խոսում, ասաց`հեչ հերոսի քրոջ ձայն չի, է՜: Կարկամեցի, ասացի՝ ինչ ես ասում, ասում է՝ քիչ առաջ Արցախի նախագահը հայտարարեց, որ Էդգարին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով է պարգևատրել և ես հերոսի քույր եմ: Անմիջապես երեխայիս թողել եմ, արագ վազել եմ մորս մոտ, որովհետև պատկերացնում էի, թե ինչ է սպասվում»,-ասաց Մարկոսյանի քույրը:
Ընտանիքը չի իմացել, որ եղբայրն առաջնագծում է, սրտատրոփ սպասել են լուրերի, ցավել, անհանգստացել, հպարատացել իրենց որդու ու բոլորի համար, իսկ որ հայրենիքի պաշտպանության համար նա «Արցախի հերոս»-ի կոչման է արժանացել, արդեն այլ զգացողություն է, հիմա ցանկությունը մեկն է՝ շատ արագ հաղթական ավարտ:
Թե ինչ են խոսել Էդգար Մարկոսյանի հետ, քույրը պատմեց.« Իրեն բնորոշ հանգստացող տոնով խոսեց, համեստ ընդունեց շնորհավորանքները, ևս մի քանի վայրկյան խոսեց ու անջատեց հեռախոսը»,-պատմեց Էդգարի քույրը:
Էդգարի բնավորության գծերի մասին խոսելիս՝ քույրը շեշտեց.«Մշտապես հասնող, բոլորին օգնող, բարի, նպատակասլաց, համեստ. նա մեր «ամենայն հայոց Էդգարն» է»: