Արցախա–ադրբեջանական շփման գոտում ընթացող մարտերում զոհված Շավարշ Մուրադյանը, կամավոր էր գնացել պատերազմ՝ «Արծիվ մահապարտներ 30» ջոկատի հետ միասին։ Սա նրա առաջին պատերազմը չէր․ դեռ 2016–ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Շավարշ Մուրադյանը, որպես ժամկետային զինծառայող թշնամու դեմ կռիվ էր մղել Մարտակերտում:
Շավարշ Մուրադյանը ծնվել է 1996 թվականին Կապանում, մեկ տարի սովորել է ԱՄՆ-ում, ապա ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան, սովորում էր 4-րդ կուրսում: Տան մեծ տղան էր, եղբայրը նույնպես առաջնագծում է ծառայում, իսկ հայրենասիրությունը ժառանգել իր հորից՝ ջոկատի հրամանատար և Երկրապահ կամավորական միության անդամ՝ Մարտուն Մուրադյանից, ով ևս մինչև 1994 թվականը մասնակցել է պատերազմին:
Tert.am-ի հետ զրույցում Շավարշ Մուրադյանի հորեղբոր տղան՝ Մարատ Մուրադյանը հիշելով եղբորը նշում է, որ Շավարշը շատ բարի, ընկերասեր մարդ էր, «չէ» բառը չուներ, իր ընկերներին ու հարազատներին միշտ օգնում էր:
«Շավարշը նույնպես պատանի երկրապահ էր, նա հաճախ էր ասում՝ հայրը հայրենիքն է, մայրը` հողը: Նա պատերազմ չգնալու իր մոր հորդորը չլսեց, իսկ հայրը չընդդիմացավ նրա որոշմանը, եթե ցանկանար՝ կարգելեր, բայց ասաց՝ ես էլ քո տարիքում այդպես եմ որոշել, եթե դու էլ ես այդպես որոշել, ուրեմն պատրաստ ես ծառայել»,- նշեց եղբայրը:
Երկու օր առաջ Ամերիկյան համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը մոմավառություն իրականացրին Շավարշ Մուրադյանի հիշատակին, իսկ երեկ Իրանում պատարագ իրականացվեց՝ ի պատիվ հերոսի:
Նյութի աղբյուր՝ tert.am