Երեւանում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են: Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 474 տեղամասերը, մեկնարկել է ձայների հաշվարկման գործընթացը: Այսօրվա ամենաքննարկված ու կարևոր իրադարձությունը «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի հետ տեղի ունեցած միջադեպն էր:
Լրատվական կայքերն ու համացանցը ողողված են տեսանյութերով, որոնցում ոստիկանները փորձում են բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին: Հիշեցնենք, որ Փոստանջյանը ահազանգ էր ստացել, թե ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում կան «ընտրակեղծիքի մասին փաստեր» և պահանջում էր հրապարակել դրանք:
Սակայն երկար լեզվակռվից հետո ոստիկանները բռնի ուժով Փոստանջյանին դուրս էին հանել շտաբից և փորձել նստեցնել ոստիկանական մեքենա, ինչը, սակայն, չէր հաջովել:
Այդ ընթացքում ոստիկանները կարողացել էին Փոստանջյանի դստերը նստեցնել մեքենան և տանել ոստիկանություն: Փոստանջյանը գնացել է դստեր հետևից և ճանապարհին նկատել, որ ոստիկանական մեքենան կանգնած է, ոստիկանները նորոգում են, իսկ աղջիկը՝ մեքենայից դուրս սպասում է:
Փոստանջյանը իջել էր մեքենայից և դստերը վերցրել, իր հետ տարել: Հաջորդիվ Զարուհի Փոստանջյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, հայտնի էր դարձել, որ նրա դստերը տեղափոխել են հիվանդանոց, քանի որ աղջիկը գլխի հարվածներ է ստացել:
Հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Լիլիթը մասնագիտությամբ իրավաբան է, սովորում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Նա Փոստանջյանի չորս դուստրերից երկրորդն է: