Մեկնարկ՝ առանց Մխիթարյանի, նոր հույսեր և սպասումներ


Մեկնարկ՝ առանց Մխիթարյանի, նոր հույսեր և սպասումներ
Օգոստոս 28 21:45 2020

Օրեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի լիգայում, որը 2022 թվականին անցկացվելիք աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար լրացուցիչ հնարավորություն է կարգով ու հնարավորություններով ցածր ֆուտբոլային երկրների համար: Հայաստանի ազգային հավաքականն այս տարի հանդես կգա Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Մակեդոնիայի, Էստոնիայի եւ Վրաստանի հավաքականների հետ:  Սեպտեմբերի 5-ին Խոակին Կապառոսի թիմը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, իսկ դրանից 3 օր անց Երևանում կմցրի Էստոնիայի ընտրանու հետ:

 
Նոր մրցաշրջանը՝ նոր ֆուտբոլիստներով

ՀՖՖ նոր ղեկավար կազմի ընտրվելուց հետո հավաքականում փոփոխություններն ակնհայտ են։  ՀՖՖ-ն ակտիվորեն սկսեց հավաքականի կազմը ընդլայնելու և նոր ֆուտբոլիստներ բերելու գործընթացը։  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսը։  Երկարատև խոսակցություններից հետո վերջապես հավաքական հրավիրվեցին Կարագանայի «Շախտյորի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն,  «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը հիշեցնենք, հանդես է եկել նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Այսուհետ Հայաստանի ազգային թիմում կխաղա նաև «Խիմկիի» 25-ամյա հայ կիսապաշտպան Արշակ Կորյանը:  ՀՀ քաղաքացիություն են ստացել և երկրի գլխավոր թիմում հանդես գալու իրավունք են ստացել   «Շիրակի» կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն և  Անգուլո Վբեյմարը՝ «Գանձասար-Կապանից»:

Հայտացուցակ՝ առաջիկա խաղերի համար

Ազգերի լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար ազգային հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ, այդ թվում՝ 7 նորեկ և նախկինում հրավիրված, բայց խաղաժամանակ չստացած 2 ֆուտբոլիստ: Առաջին անգամ հրավեր ստացածների թվում են նաև վերը նշված ֆուտբոլիստները: Այս անգամ հավաքականին չեն օգնի Գևորգ Ղազարյանը  և Սարգիս Ադամյանը: Ղազարյանը վնասվածք ունի, իսկ Ադամյանը նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է:  Վերջին շրջանում քննարկումները շատ էին, որ հասունացել է պահը հավաքական հրավիրելու «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին: Գյումրիի «Շիրակի» սանը նույնպես առաջին անգամ է հրավիրվել ազգային հավաքական:

21-ամյա ֆուտբոլիստն իր խաղով ստիպեց հավաքականի մարզչական շտաբին ուշադրությունը սևեռել իր վրա: Սլովակիայի նոր մեկնարկած առաջնությունում Բիչախչյանը 4 տուրից հետո խփած 4 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը և լավ մարզավիճակով կմիանա հավաքականին:

ՌՊԼ-ում հանդես եկող Արշակ Կորյանն ու Խորեն Բայրամյանն իրենց թիմերի հիմնական կազմի խաղացող են և չունեն խաղային պրակտիկայի պակասի խնդիր, նույնը կարելի է ասել բելառուսական «Նեմանի» ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանի և Ղազախստանի առաջնությունում հանդես եկող Տիգրան Բարսեղյանի («Աստանա») մասին: Խաղային տոնուսի մեջ չէ Դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը:  Դանիայի առաջնությունն ավարտվել է հունիսին և նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին:

Պաշտպանությունում նույնպես կան խաղային պրակտիկայի խնդիր ունեցող ֆուտբոլիստներ: Կիպրոսի նոր մեկնարկած առաջնությունում Հովհաննես Համբարձումյանի «Անորտոսիսը» մեկ խաղ է անցկացրել, որին չի մասնակցել հայ ֆուտբոլիստը, իսկ Կիպրոսի առաջնության նախորդ մրցաշրջանն էլ ավատվել է դեռևս մարտին: Ռուսական «Ուրալի» վերջին խաղերում խաղադաշտ դուրս չի գալիս Վարազդատ Հարոյանը: Խոսակցությունները շատ են, որ հայ ֆուտբոլիստն առաջիկայում ամենայն հավանակնությամբ կփոխի ակումբային գրանցումը: Ղազախստանի նոր մեկնարկած առաջնությունում խաղաժամանակի խնդիր չունի Կամո Հովհաննիսյանը («Կայրաթ»), Արման Հովհաննիսյանը երբեմն դուրս է գալիս փոխարինման «Տոբոլի» կազմում: Հետաքրքրաշարժ է, որ հայտացուցակից բացակայում է «Տոբոլի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Պետրոս Ավետիսյանը: Հրավիրված ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Անդրե Չալըշըրը, շվեդական «Գյոթեբորգի» հիմնական կազմի խաղացող է և ստանում է մշտական խաղաժամանակ:

Առաջիկա խաղերին մասնակցելու համար առաջին անգամ հրավեր է ստացել «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Գրիգորյանը, իսկ  պաշտպան Սերոբ Գրիգորյանը նախկինում ևս հրավիրվել է հավաքական, սակայն խաղաժամանակ չի ստացել:

Հարձակվողական գծում  «Տամբովի» նորեկ Ալեքսանդր Կարապետյանն իր նոր թիմում հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Կարապետյանը հասցրել է նաև մեկ գոլ խփել՝ գրավելով   Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը:   Արգենտինական «Ատլետիկո Ուրականը», որտեղ հանդես է գալիս  Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, երկար ժամանակ է, ինչ չի անցկացրել պաշտոնական հանդիպումներ: Արգենտինայի առաջնությունը վաղաժամ ավարտվեց ապրիլին և դեռ չի մեկնարկել նոր մրցաշրջանը:

Ազգերի լիգայի մեկնարկը՝ առանց առաջատարի

Հավաքականի հայտացուցակի հրապարակումից հետո սկսվեց քննադատությունների և տարատեսակ քննարկումների մեծ ալիքը։ Առաջիկա խաղերին Հայաստանի ընտրանուն չի օգնի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Ռոմայի» կիսապաշտպանի՝ հավաքականին չմիանալը, կարծես, ամպրոպ էր՝ անամպ երկնքում։ Այո, այնպես չէ, որ Մխիթարյանը հրավեր չի ստացել ազգային հավաքականից, ուղղակի նա Կապառոսին հայտնել է, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: «Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ  հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»,-հայտարարել է Կապառոսը:

Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստի էլ, հատկապես ծանր մրցաշրջանից հետո, անհրաժեշտ է հանգստանալ և վերականգնել ուժերը (Օրեր առաջ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնել էր, որ հավաքականին առաջիկա խաղերին չի օգնի Ռոբերտ Լևանդովսկին, քանի որ այս մրցաշրջանում նա աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ), սակայն, ամենեևին էլ չփորձելով ինտրիգներ փնտրել, դժվար է ընկալել, որ թիմի ավագն ու անվիճելի առաջատարը կարող է վերը նշված պատճառներով չմիանալ հավաքականին կարևորագույն այս պահին։

Նոր հույսերով ու սպասումներով

Մխիթարյանի լավ կամ վատ մարզավիճակում լինելուց անկախ՝ աներկբա է, որ նրա թեկուզ միայն ներկայությունը լրացուցիչ մոտիվացիա է մեր ֆուտբոլիստների համար: Ինչևէ, ամենևին էլ չսևեռվելով համացանցում քննարկվող  Մխիթարյան-ՀՖՖ ենթադրյալ լարված հարաբերությունների, տարատեսակ խոսակցությունների վրա, հուսանք որ իրապես իրավիճակն այնպիսին է, ինչպես ներկայացվել է, և Մխիթարյանը հաջորդ ամիս կմիանա հավաքականին և կխաղա իր իսկ խոսք տված հարյուր տոկոս նվիրվածությամբ: Ամեն դեպքում այս իրավիճակը դեռ երկար քննարկման առիթ կդառնա հայկական ֆուտբոլային աշխարհում, մի կողմից էլ պետք է ընդունել, որ Մխիթարյանը չի կարող հավերժ խաղալ, և արդեն պետք է մտածել նոր սերնդի ֆուտբոլիստներին հնարավորություն տալու մասին:  Այս առումով, իհարկե, երիտասարդ ֆուտբոլիստներն ապացուցելու շատ բան ունեն, և սեպտեմբերին կայանալիք առաջիկա երկու հանդիպումները՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ, լավ առիթ է իրենց դրսևորելու համար:

Անդրադառնալով նոր հրավիրված ֆուտբոլիստներին, հավաքականի գլխավոր մարզիչը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր. «Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում այնպես էլ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են և շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ և ծանոթ եմ բոլորի կարողություններինՄենք անընդհատ կապի մեջ ենք նաև Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ և այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները  Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»,-ասել է իսպանացի մասնագետը:

Հուսանք, որ նոր ֆուտբոլիստների օգնությամբ Խոակին Կապառոսի նորամուտը հայկական ֆուտբոլ հաղթական կլինի:  

 

Աղբյուր  ArmSport.am