Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը՝ հունիսի 15-ից Ուկրաինա մուտք գործելու կանոնների մասին


Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը՝ հունիսի 15-ից Ուկրաինա մուտք գործելու կանոնների մասին
Հունիս 16 00:14 2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Համաձայն Ուկրաինայի պետական սահմանային ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության, 2020թ. հունիսի 15-ից օտարերկրացիների՝ Ուկրաինա մուտքի ժամանակավոր արգելքը չեղարկվում է։

2020 թ. հունիսի 12-ին Ուկրաինայի կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել, որոնք փոխում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ուկրաինա մուտքի պահանջները:

Ուկրաինայի նախարարների կաբինետի 2020թ. հունիսի 12-ի թիվ 480 որոշմամբ սահմանվում է, որ օտարերկրացիներին անհրաժեշտ է համապատասխան բժշկական ապահովագրություն ունենալ Ուկրաինա մուտք գործելու համար: Այն մարդիկ, ովքեր գալիս են կորոնավիրուսային ինֆեկցիայի լայն տարածում ունեցող երկրներից, ենթակա են օբսերվացիայի (կարանտինային մեկուսացում):

Մասնավորապես, համաձայն նշված որոշման, կարանտինի ժամանակահատվածի համար արգելվում է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից պետական սահմանի հատումը (բացառությամբ Ուկրաինայում մշտապես բնակվող օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև փախստական ճանաչված կամ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձանց) առանց COVID-19-ի բուժման հետ կապված ծախսերը և օբսերվացիան ծածկող ապահովագրության:

Կառավարությունը նաև որոշել է, որ օբսերվացիայի համար հիմք է հանդիսանում պետական սահմանի հատումն այն անձի կողմից, ով ժամանել է COVID-19-ի լայն տարածում ունեցող երկրից կամ հանդիսանում է այդպիսի պետության քաղաքացի։ Կառավարությունը պարտավորեցրել է մարզային և Կիևի պետական վարչակազմերին իրականացնել այդպիսի անձանց տեղափոխումը սահմանային անցակետերից օբսերվացիայի վայրեր։

Օբսերվացիայի #ենթակա #չեն COVID-19 լայն տարածում ունեցող պետությունների այն քաղաքացիները,

  • ովքեր վերջին 14 օրում չեն գտնվել այդ պետությունների տարածքում,
  •  Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների առաքելությունների աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները,
  • բեռնատար ավտոմեքենաների վարորդներն ու անձնակազմի անդամները, օդային և ծովային, գետային նավերի անձնակազմի անդամները, գնացքների և լոկոմոտիվային բրիգադների անդամները,
  • արտաքին անկախ գնահատման առաքելությունների մասնակիցները, նրանցից յուրաքանչյուրին ուղեկցող մեկ անձի հետ միասին, եթե հիմք չկա ենթադրելու, որ նրանք շփում են ունեցել COVID-19-ի վարակակիրի հետ:
  •  նաև օբսերվացիայի ենթակա չեն այն անձիք, ովքեր համաձայնել են #ինքնամեկուսացման «Գործել տանը» («#Дій_вдома») էլեկտրոնային ծառայության (բջջային հավելվածի) միջոցով:

COVID-19-ի լայն տարածում ունեցող պետություններ են համարվում այն պետությունները, որոնցում COVID-19-ի ակտիվ դեպքերի թիվն ավելի է, քան 40 մարդ` 100 հազար բնակչության համար: Նման պետությունների ցանկը յուրաքանչյուր 3 օրվա ընթացքում Ուկրաինայի առողջապահության նախարարությունը կտրամադրի պետական սահմանային ծառայությանը (Հայաստանի Հանրապետությունն այդ ցանկում է)»: