Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի հետևից եմ գնալու. Սիմոն Մարտիրոսյան


Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի հետևից եմ գնալու. Սիմոն Մարտիրոսյան
Փետրվար 21 11:50 2020

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից տարվա երկրորդ լավագույն ծանրորդ ճանաչվելը նոր մոտիվացիա է համարում:

 

«2020 թվականի համար մի քանի նպատակներ ունեմ: Ուզում եմ դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն և, առաջ Աստված, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի հետևից եմ գնալու: Շատ մարտական եմ տրամադրված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

 

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի «Տարվա լավագույն ծանրորդ» մրցույթում: IWF-ի` միջազգային ֆեդերացիայի քվեարկության արդյունքում Մարտիրոսյանը հավաքել է 5 514 ձայն: Առաջին տեղում աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է` 17 084 ձայնով:

 

2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել: