ՏԽՈՒՐ ԲԵՌԸ
(1924 թվականի դեկտեմբերի 13-ին, Թուրքիայի Մուդանիայի նավահանգստից դեպի Մարսել է ճանապարհվել «Զան» անունը կրող անգլիական բեռնանավ։ Որեւէ փաստաթղթեր չեն լրացվել, թե ինչ բեռ է գտնվում նավում։ Սակայն նավահանգստի աշխատակիցները նկատել էին, որ մոտ 400 տոննա կշռող բեռը մարդկային դիակներ են։ Ոստիկանությունը փորձել է միջամտել, սակայն «վերեւից» եկած հրահանգի շնորհիվ, նավը ազատ դուրս է եկել բաց ծով։ Նույն լուրի մասին գրել է նաեւ ֆրանսիական «Միդի» պարբերականը՝ եւս նշելով, որ նավում գտնվել են Թուրքիայում կոտորված հայերի ու հույների դիակները։
*************
(պատմվածք)
Այդ տարի ամուսինս, կադրերի կրճատման պատճառով, թանգարանում կորցրեց ավագ գիտաշխատողի իր աշխատանքն, ու մեր բազմանդամ ընտանիքն ընկավ ծանր կացության մեջ: Երեխաներս դեռ դպրոցական էին, ամուսնուս ծնողները՝ ծեր, հիվանդ մարդիկ: Դպրոցից ստացած իմ 80 հազար դրամ աշխատավարձը հաց առնելուն անգամ չէր բավականացնում, տան վարձերի մասին էլ չեմ խոսում: Դրան գումարվեց նաև, որ պատմաբան ամուսինս ստիպված գնաց՝ շինարարության վրա աշխատելու, և հենց երկրորդ օրն, այնտեղ ընկավ ու ոտքը կոտրեց: Մի խոսքով, կարճ ժամանակ հետո, արդեն հասցրել էինք բավական պարտքեր կուտակել:
Մի երեկո էլ, երբ ընտանիքով լուռ ու տխուր նստած էինք մոմի լույսի տակ (վարձը չմուծելու պատճառով հոսանքն անջատել էին), դուռը թակեցին: Մտածեցինք՝ հարևանն է, բայց ինչ հարևան, Ֆրանսիայում ապրող իմ մտերիմ դասընկերուհին էր՝ Սեդան, որ մի քանի օր առաջ Հայաստանում ապրող հարազատներին էր այցելության եկել: Զանգել էր մեր տուն, հեռախոսը չէր պատասխանել, զանգել էր փոստ, մտածելով, որ գուցե համարը փոխվել է, այնտեղից պատասխանել էին, որ վարձը չմուծելու պատճառով, հեռախոսն անջատված է: Ընկերուհիս էլ այդ ժամին վեր էր կացել, մեր տուն էր եկել:
Սեդան տեսավ մեր վիճակը, լսեց մեր կծկտուր պատմությունը, երկար չմնաց, վեր կացավ՝ առանց մի խոսքի, թե՝ լավ, ուշ է արդեն, ես գնամ: Նա գնաց, ես մի տեսակ ամոթահար նայեցի ընտանիքիս անդամներին, որ սիրելի ընկերուհիս հեռացավ՝ անգամ մի կարեկցական խոսք առանց ասելու:
– Էդ էլ քո սիրելի ընկերուհին,- հեգնեց ամուսինս:
Բայց հաջորդ առավոտ շատ վաղ, ընկերուհիս անսպասելի, բեռով-բարձով նորից եկավ: Առանց նախաբանի, միանգամից դիմեց ամուսնուս.
– Ողջ գիշեր մտածեցի ու եկա այն եզրահանգման, որ ձեր ընտանիքը կփրկի՝ միայն Նունեի ինձ հետ Ֆրանսիա գալը: Մի հարուստ, ծեր, հայ հարևանուհի ունենք, որին խնամող կինը, հիվանդության պատճառով, էլ չի գալիս ծեր կնոջ՝ տիկին Սրբուհու մոտ: Ուրիշ կին եկավ, ֆրանսուհի էր, բայց տիկին Սրբուհին ուզում է, որ իր խնամողն անպայման հայուհի լինի, արի, տես, որ հայուհու ոչ մի կերպ չեն կարողանում գտնել: Նունեին կտանեմ նրա մոտ, անպայման կհավանի: Վարձատրությունը բավական մեծ գումար է: Կմնա, որոշ ժամանակ կաշխատի, այս վիճակից դուրս կգաք, մինչև դու էլ մի աշխատանք գտնես, կվերադառնա:
Ասաց ու նայեց ինձ:
Անսպասելիությունից բոլորս քարացանք:
– Այո,- շարունակեց նա՝ դիմելով ինձ,- վերցրու անձնագիրդ, տան սեփականաշնորհման վկայականն ու աշխատանքային գրքույկդ, հենց հիմա գնում ենք Ֆրանսիայի դեսպանատուն: Աստված օգնական կլինի, դու OK կստանաս, ինձ հետ կգնանք Փարիզ:
Պատկերացրեք՝ Աստված օգնական եղավ, դեսպանատանը ես OK ստացա ու մեկ ամիս անց, Սեդայի հետ Փարիզի իր բնակարանում էի արդեն:
Հաջորդ օրն իսկ, Սեդան ինձ տարավ տիկին Սրբուհու տուն:
92 տարեկան, բավական խնամված կին էր տիկին Սրբուհին, զգացվում էր, որ երիտասար տարիներին գեղեցկուհի էր եղել: Հավանեց ինձ, ու հենց հաջորդ օրվանից, ես անցա աշխատանքի:
Ապրում էի տիկին Սրբուհու տանը, ինչը մի շքեղ ու խնամված պարտեզով շրջապատված, գեղեցիկ առանձնատուն էր: Տան մաքրության հարցերով չէի զբաղվում: Շաբաթը մեկ, մի ֆրանսուհի էր գալիս, տան մաքրությունն էր անում ու գնում, իսկ պարտեզի խնամքով մի տարիքով արաբ էր զբաղվում, ում հետ համարյա ոչ էլ շփվում էի, երբեմն տիկնոջն այցելում էին նաև հարազատներից, որոնք ապրում էին Մարսելում, այդ օրերը տոն էին տիկին Սրբուհու համար:
Իմ գործը դժվար չէր. տիկնոջն օգնում էի առավոտյան արթնանալիս ու երեկոյան քնելիս, նախաճաշ, ճաշ, ընթրիք էի պատրաստում, խոհանոցային գործերով էի զբաղվում, իսկ մնացած ողջ ազատ ժամանակը նստում էի նրա հետ, զրուցում էինք, երբեմն էլ՝ կարճ զբոսանքի գնում: Տիկին Սրբուհին խոսում էր գեղեցիկ արևմտահայերենով, շատ հարցեր էր տալիս այսօրվա Հայաստանից, կլանված լսում էր Երևանի ու Հայաստանի կյանքի, մարդկանց մասին:
Մոտ մեկ ամիս էր անցել, մի օր էլ, թե՝ Նունե, ուզում եմ պատմել քեզ իմ կյանքի պատմությունը, դու կարո՞ղ ես այն գրի առնել: Ես նստեցի դիմացի բազկաթոռին, տիկինը սկսեց:
ՏԻԿԻՆ ՍՐԲՈՒՀՈՒ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մեր ընտանիքը ապրում էր Պոլսում: Հայրս հարգված, Պոլսում ճանաչված առևտրական էր: Եղբայրներս օգնում էին հորս առևտրի գործերում, իսկ ես՝ 16 տարեկան աղջնակ, սովորում էի ֆրանսիական լիցեում: Լիցեում ընկերություն էի անում մի թուրք աղջկա՝ Սաադեթի հետ: Այդ օրը տուն գնալիս, Սաադեթն ասաց.
– Վաղը երեկոյան, մեր տանը նշելու ենք իմ ծննդյան օրը, ծնողներս քեզ նույնպես հրավիրում են: Խնդրում եմ, ծնողներդ թող թույլ տան, որ վաղը դասերից հետո, ինձ հետ մեր տուն գաս, մասնակցես իմ ծննդյան տոնին, դրանից հետո հայրս խոստացավ, որ ինքն անձամբ քեզ ձեր տուն կտանի:
Երբ տանն ասացի այդ հրավերքի մասին, հայրս խոժոռվեց.
– Այս խառնակ ժամանակ միայն թուրքի տուն գնալն էր մնացել:
Բայց մայրս առարկեց.
– Ի՞նչ ես ասում, Ռուբեն, էս խառնակ օրերին թուրքի հրավերը մերժելը վտանգավոր է, աղջիկը թող գնա: Բացի այդ, Սաադեթի ծնողները նորմալ, կիրթ ու զարգացած մարդիկ են, քեզ էլ միշտ հարգանքով են վերաբերվել:
Մայրս համոզեց հորս, ու ես գնացի: Ի՜նչ իմանար իմ խեղճ մայրը, որ թուրքի կիրթն ու զարգացածն ավելի վտանգավոր է հայի համար:
Դե, ինչպե՞ս է անցնում ծննդյան տոնակատարությունն ամենուր, այն էլ՝ հարուստ, ունևոր ընտանիքում: Այդպես էլ այստեղ:
Կեսգիշերին մոտ, երբ արդեն հյուրերն սկսեցին հեռանալ, ես Սաադեթին խնդրեցի, որ հորն հիշեցնի իմ մասին, արդեն շատ ուշ էր, ես ուզում էի տուն գնալ: Բայց հայրը խոժոռ նայեց ինձ, ոչինչ չասաց ու շարունակեց ճանապարհել հյուրերին: Այդ ժամանակ հեռացող հյուրերից մեկը հանկարծ մատնացույց արեց ինձ ու դիմեց Սաադեթի հորը.
– Չասացիք, իսկ ո՞վ է այն չքնաղ գեղեցկուհին, ու՞մ աղջիկն է:
Սաադեթի հայրը նայեց ինձ, ես սարսռացի նրա աչքերի նենգությունից, մի մեծ վտանգի զգացողություն տակնուվրա արեց սիրտս, իսկ թուրքը կեղծ ժպտաց ու պատասխանեց հարցնողին:
– Ա՜, այս գեղեցկուհուն այսօր իմ տուն եմ բերել, որ փրկվի իր ընտանիքին հասանելիք ճակատագրից ու շուտով կդառնա իմ Մահմուդի հարսնացուն:
Այլևս ոչինչ ո՛չ լսեցի, ո՛չ տեսա: Ինչպե՞ս թե՝ փրկվի հասանելիք ճակատագրից, կդառնա Մահմուդի հարսնացուն: Բոլորի համար անակնկալ, ես պոկվեցի տեղիցս ու դուրս փախա: Մութ փողոցներով վազում էի մեր տան կողմն ու սընքըրտում: Ոչ էլ հասկանում էի, թե այս կեսգիշերին այդ ի՞նչ բղավոցներ, լացուկոծի ձայներ, օգնության կանչեր էին: Չէի վախենում փողոցներում վխտացող ասկյարներից, որոնցից դես ու դեն էին փախչում մարդիկ:
Չգիտեմ, թե որքան էի վազել, երևի արդեն հասնում էի մեր տանը, երբ հետևից մի ուժեղ ձեռք բռնեց ուսիցս.
– Սրբու՛կ, կանգնի՛ր, ուշքի արի, Սրբուհի:
Հետ նայեցի, հորեղբայրս էր: Մինչ կհասցնեի մի բառ ասել, հորեղբայրս արագ մի գլխաշոր գցեց գլխիս ու հետևից քաշելով, համարյա վազեցնելով, տարավ: Քիչ հետո մի նրբանցք մտանք, մի անծանոթ դուռ թակեց, դուռը բացվեց, ներս գնացինք: Զարմանքից ու անակնկալից քարացած, շուրջս նայեցի, հորեղբորս կինն էր ու նրանց երկու փոքրիկ աղջիկները: Հորեղբորս կինը առաջ եկավ, փաթաթվեց ինձ ու տարավ, նստեցրեց անկունի աթոռին:
– Զարուհի, այս ու՞ր ենք, մերոնք՝ հայրս, մայրս, եղբայրներս ու՞ր են,- հազիվ կմկմացի ես:
Զարուհին լաց եղավ ու անխոս նայեց հորեղբորս, ով կռացավ ու շշնջաց.
– Հանգստացիր, ամեն ինչ կիմանաս:
Բայց հեշտ էր ասելը՝ հանգստացիր:
– Հորեղբայր, ասա, ի՞նչ է կատարվում:
– Սրբուհի, դու հասուն աղջիկ ես, ուժեղ եղիր,- լացակումած շշնջաց,- թուրք ասկյարները հարձակվել են հայ բնակչության տների վրա, հրդեհել, սպանել են մարդկանց, ձեր տունն էլ հրդեհել են, ես գիտեի, որ դու տանը չես, քեզ էի սպասում ձեր տան մոտերքում:
– Ինչպե՞ս, մեր տու՞նն էլ հրդեհել են, իսկ ծնողներս ու՞ր են հիմա:
Հորեղբայրս լուռ լաց էր լինում, նրա ուսերը հեկեկոցից ցնցվում էին:
Զարուհին գրկեց ինձ.
– Աղջիկս, հիմա մենք ենք քո ծնողները:
Ես ամեն ինչ հասկացա, թուրքերը սպանել են ծնողներիս, եղբայրներիս: Իսկ Սաադեթի հայրը գիտեր, տեղյակ էր այդ հրեշավոր ծրագրից: Ինձ մնում էր միայն ողբալ:
Չեմ հիշում՝ քանի՞ օր անցկացրեցինք այդ տանը, որի տերը նավահանգստում աշխատող մի բեռնակիր հույն էր: Ցերեկները հորեղբայրս հույն Յաննիի հետ ինչ-որ տեղ էին գնում: Ամեն անգամ, հենց վերադառնում էր, Զարուհին հարցնում էր.
– Ի՞նչ եղավ:
– Շուտով, խոստացան, որ շուտով,- ամեն անգամ նույն պատասխանն էր տալիս հորեղբայրս:
Յաննիի կինը պատմում էր, որ թուրքերը նույն ատելությամբ լցված էին նաև հույների նկատմամբ, որ ինչքա՜ն-ինչքան հույներ են սպանել, թուրքի համար հայն ու հույնը մեկ էր, դրա համար իրենք իրենց բարեկամների հետ մի երկու ամիս առաջ են երեխաներին ուղարկել Թուրքիայից դուրս՝ Ֆրանսիայում գտնվող բարեկամների մոտ:
Մի օր էլ հորեղբայրս վերադարձավ, հանձնարարեց, որ արագ, գլխաշորերով փաթաթենք մեր գլուխներն, ինչպես այդ անում են թուրք կանայք, ու տանից դուրս եկանք: Յաննիի կինը համբուրեց, խաչակնքեց, իրենց լեզվով հաջողություն մաղթեց մեզ, ասաց, որ շուտով իրենք էլ կթողնեն, կհեռանան Պոլսից, ուղղակի մի քանի գործեր կան, որ պետք է ավարտեն: Շուտով հայտնվեցինք նավահանգստում: Արդեն մթնել էր: Յաննին մթության մեջ մեզ տարավ մի մեծ նավ, քիչ անց, հայտնվեցինք նավի ներքնահարկում: Հորեղբորս հետ կամացուկ ինչ-որ բան էին խոսում, հետո ձեռքի կապոցը տվեց Զարուհուն ու գնաց՝ հետևից կողպելով նավամբարի դուռը: Տեսանք, որ կապոցի մեջ մեզ համար ջուր ու ուտելիք էր դրել Յաննիի կինը:
Ոչ, ես չեմ կարող նկարագրել նավամբարում անցկացրած մեր մի քանի դաժան օրերը: Սովն ու ծարավը, նավարկումից առաջացած սրտխառնոցն ու գլխապտույտը դեռ մի կողմ, բայց ավելի անտանելի էր, մեզ հոգեկան խանգարման էր հասցնում վախը, որ՝ ուր որէ, դուռը կբացվի, մեզ կհայտնաբերեն: Միայն մեկ անգամ, հանկարծ շատ զգույշ ու կամացուկ դուռը բացվեց, մի ձեռք ջրով ու հացով կապոցը ներս գցեց ու էլի փակեց դուռը: Արդեն չգիտեմ, թե քանի օր անց, նավի վրա աշխույժ շարժում սկսվեց: Հորեղբորս դեմքին ժպիտ նշմարվեց.
– Հասանք, նավը կանգնել է,- շշնջաց նա:
Քիչ անց դուռը բացվեց, մեկը մեզ ձեռքով արեց:
– Գնացինք,- ասաց հորեղբայրս:
Մթության մեջ, ձեռքով անողը մեզ նավից դուրս բերեց: Դա մի արաբ էր: Ես տեսա՝ ինչպես հորեղբայրս աննկատ մի քանի ոսկի դրեց նրա ձեռքի մեջ:
– Մարսել քաղաքն է, ահա, կգնաք այս հասցեով, հույն Յաննին է տվել, այնտեղ կընդունեն ձեզ, կօգնեն,- ասաց արաբն ու հեռացավ:
Շիվար ու մոլոր, երկար կանգնած մնացինք այդտեղ: Լուսանում էր:
– Գնանք,- ասաց հորեղբայրս:
Մտանք քաղաք: Հորեղբորս մոտ մի քանի ոսկի էր մնացել, ասաց, որ հարկավոր է ոսկու խանութ գտնել, մի ոսկի վաճառել ու որևէ տեղ հաց ուտել: Խորացանք քաղաքի մեջ: Փողոցներում քիչ-քիչ եռուզեռ սկսվեց, մարդիկ աշխատանքի էին շտապում, խանութների տերերն ու աշխատողները խանութներն էին բացում, պատրաստվում ընդունելու առաջին հաճախորդներին: Հարկավոր էր հարցնել, թե որտե՞ղ կարելի է գտնել ոսկու խանութ: Այստեղ օգնության եկավ ֆրանսերենի իմ իմացությունը: Դիմեցի անցորդներին, մեկ-երկուսը չգիտեին, բայց երրորդը բացատրեց, թե ինչպես գտնենք:
Ոսկու խանութի տեր ֆրանսիացին սկզբում կասկածանքով ընդունեց մեզ, բայց երբ հորեղբայրս ցույց տվեց ոսկեդրամը, նա վերցրեց, ստուգեց ու առանց որևէ խոսքի, մեզ անծանոթ մի քանի թղթադրամ դրեց սեղանին: Այդ պահին մեզ չէր հետաքրքրում՝ գումարը շա՞տ էր-քի՞չ էր: Վերցրեցինք այն ու մտանք հենց մոտակայքի սրճարանը: Սրճարանի աշխատողը ոտից գլուխ նայեց մեզ, հասկացավ, որ փախստականներ ենք, մտածեց, որ գումար չենք ունենա, բայց երբ հորեղբայրս ցույց տվեց ձեռքում սեղմած գումարը, տղան հետ քաշվեց դռնից, մենք ներս մտանք:
Գլուխներս կախ, անձայն ուտում էինք՝ առանց մեր շուրջը նայելու, երբ հանկարծ հորեղբայրս ասաց.
– Մի քիչ դանդաղ կերեք, մարդիկ մեզ են ապշահար նայում:
Գլուխներս բարձրացրեցինք, իրոք, բոլորը մեզ էին նայում, նայում էին անթաքույց խղճահարությամբ: Հանկարծ կողքի սեղանից մի կին մոտեցավ ու կոնֆետներ տվեց հորեղբորս երեխաներին, հետո մի ուրիշը մոտեցավ, միրգ դրեց սեղանին, հետո էլի, էլի մոտեցողներ եղան, տարբեր քաղցրավենիքներ էին շարում սեղանին ու հեռանում:
– Մերսի, մերսի,- նրանց շնորհակալություն էինք ասում, ու արցունքներ էին թափվում մեր աչքերից:
Մոտեցավ սրճարանի տերը, մի տոպրակ պարզեց ինձ ու ասաց, որ նվեր տված քաղցրավենիքը մենք կարող ենք մեզ հետ վերցնել:
Այդպիսին էր մեր առաջին շփումը Ֆրանսիայի ու ֆրանսիացիների հետ: Ու ես սիրեցի նրանց՝ ֆրանսիացիներին, այդ սերը շարունակվեց, պահպանվեց մինչ այսօր: Ես միշտ մտածել եմ, թե ինչպե՞ս կարող եմ արտահայտել իմ սերն ու շնորհակալությունը, իմ խորին հարգանքը առ ֆրանսիացի ժողովուրդը:
Սրճարանից դուրս եկանք, հարցնելով հասանք արաբի մեզ
տված հասցեով: Քաղաքի արվարձանում գտնվող մի փոքրիկ տուն էր այդ: Դուռը բացեց տանտիրուհին, իմանալով, թե ովքե՞ր ենք, որտեղից, նա ներս հրավիրեց ու ձայնեց ամուսնուն: Պարզվեց հույն ընտանիք են, որ Պոլսից Մարսել են տեղափոխվել երեք տարի առաջ: Մենք շատ ուրախացանք, որ նրանք խոսում էին թուրքերեն, ու մերոնք կարող էին շփվել, զրուցել նրանց հետ, պատմել, թե ինչ է կատարվում Պոլսում: Նրանք ցնցվել էին մեր պատմածներից, թեև անսպասելի չէին մեր պատմածները նրանց համար
Երկու օր մնացինք մեր հույն բարեկամների տանը: Երրորդ օրը տեղափոխվեցինք, հենց նրանցից քիչ հեռու, վարձով տրվող մի բնակարան գտանք:
Ու Մարսելում սկսվեց մեր կյանքի նոր փուլը: Ի դեպ, մեր հույն նոր բարեկամներից իմացա, որ քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. շուրջ 600 թվականին, Փոքր Ասիայից եկած հույների՝ ֆոկեյացիների կողմից։ Այդ ժամանակ այն կոչվում էր «Մասալիա» (հուն.՝ Μασσαλία, լատ.՝ Massilia կամ Massalia)։
***
Արդեն երկու տարի էր՝ աշխատում էի Մարսելի արվարձանային մի գողտրիկ սրճարանում: Բարի սրճարանատիրուհին շատ հոգատար ու ուշադիր էր իմ նկատմամբ, նրանից ես շատ-շատ բաներ սովորեցի, առավել ևս՝ կատարելագործեցի ֆրանսերենի իմ իմացությունը:
Մեզ մոտ հաճախ էր առավոտյան սուրճը խմելու գալիս մի վեհաշուք ֆրանսիացի տիկին: Տիկնոջը միշտ սպասարկում էր անձամբ մեր սրճարանատիրուհին. հարցնում էր նրա որպիսությունը, բարի օր մաղթում ու խոնարհումով հեռանում: Այդ օրը, երբ սրճարանատիրուհին սուրճը սեղանին դնելուց, իր սովորական բարեմաղթանքից հետո ցանկանում էր հեռանալ, հանկարծ տիկինը դիպավ նրա թևին, կանգնեցրեց ու մի կարճ զրույց ունեցան, ինչի ընթացքում մի քանի անգամ երկուսն էլ նայում էին իմ կողմը, հետո սրճարանատիրուհին ձեռքով ինձ իրենց մոտ կանչեց:
– Աղջիկս,- ասաց նա,- մադամ Ալիսն ուզում է, որ նրա տանն աշխատես, որպես տնտեսուհի, վարձատրությունը կլինի այստեղ ստացած քո գումարի եռակին, կհամաձայնվե՞ս:
– Ես հիմա ոչինչ չեմ կարող պատասխանել, պետք է խորհրդակցեմ հորեղբորս հետ,- ասացի ես:
Պատասխանս հավանաբար դուր եկավ մադամին, քանի որ մեղմ ու սիրալիր ժպտաց, ապա ինձ պարզեց մի թղթի կտոր, ասաց.
– Վերցրու, այստեղ իմ տան հասցեն է, եթե համաձայնվեք, վաղը եկ իմ տուն:
Երեկոյան հորեղբորս, Զարուհու հետ քննարկեցինք մադամի առաջարկն ու որոշեցինք համաձայնվել:
Հաջորդ օրը գնացի նշված հասցեով, տնային աշխատողն ընդունեց ինձ, ուղեկցեց մի շքեղ հյուրասենյակ, ինչպիսին ես տեսնում էի կյանքում առաջին անգամ: Մադամ Ալիսը տան աշխատողին հանձնարարեց տանել, ցույց տալ ինձ սենյակներն ու բացատրել իմ պարտականությունները:
Բայց հիմա ես ուզում եմ քիչ շեղվել մադամ Ալիսի տան թեմայից, պատմել իմ մասին:
Զարուհին ասում էր,որ ես շատ գեղեցիկ օրիորդ եմ դարձել: Նա հնարավորինս գեղեցիկ հագուստներ էր ինձ համար գնում, իր ձեռքով սանրում, հյուսում, գեղեցիկ ձևավորում էր մազերս՝ տանից դուրս գալուց առաջ: Մի խոսքով Զարուհին ինձ համար մայր էր, մեծ քույր էր: Նա երազում էր, որ մի օր հայտնվի գեղեցիկ, հարուստ երիտասարդ, ով անպայման հայ լինի ու ինձ ամուսնության առաջարկ անի: Իսկ երկրպագուների պակաս ես չունեի, ովքեր նույնիսկ փողոցում մոտենում էին ինձ, խնդրում ծանոթանալ կամ գնալ զբոսնելու: Բայց ինձ դուր էր գալիս մեր բարեկամ հույնի տղան՝ Ալեքսը, ով իր լուրջ մտադրության մասին նույնիսկ Զարուհու հետ էր խոսել: Հորեղբայրս ու Զարուհին դեմ էին, որ ես ամուսնանամ Ալեքսի հետ:
– Հասկանու՞մ ես, դու պետք է ամուսնանաս, ընտանիք կազմես միայն հայ երիտասարդի հետ, դու պետք է հայ երեխաներ ծնես, բազմացնես մեր տառապյալ, գլխատված ազգը: Շտապելու հարկ չկա, ուղղակի հարկավոր է ավելի շատ շփվել քաղաքի հայ ընտանիքների հետ:
Եվ իսկապես, շուտով մեզ հյուր եկավ հորեղբորս աշխատանքային ընկերներից մեկը՝ տղայի հետ: Ասաց, որ սպասում են, որ տղան՝ Սեդրակը, մի քանի ամիս հետո ուսումը ավարտի ու ամուսնացնեն, չթաքցրեցին, որ որպես հարսնացու, ինձ են աչքի տակ առել: Այդ օրվանից Սեդրակն սկսեց այցելել մեզ: Երբեմն միասին երեկոները դուրս էինք գալիս, զբոսնում, զրուցում: Սեդրակն ինձ դուր էր գալիս, բայց խոստովանեմ, որ սիրահարված չէի: Ես լիովին համաձայն էի հորեղբորս, որ պետք է ամուսնանամ միայն հայ երիտասարդի հետ, հայ երեխաներ ունենամ, որոնց կնքեմ ծնողներիս ու եղբայրներիս անուններով: Սեդրակն ասում էր, որ ամուսնանալուց հետո, ես պետք է թողնեի աշխատանքը, ինչպես մյուս հայ կանայք, երեխաներ բերեի, զբաղվեի տան գործերով:
Իսկ մինչ այդ, շարունակում էի աշխատել մադամ Ալիսի տանը:
Մեկ ամիս էր, ինչ աշխատում էի, երբ մադամ Ալիսը կանչեց, նստեցրեց կողքին, ասաց.
– Սրբուկ, ես քեզ շատ սիրեցի, բայց այսպիսի խնդիր է ծագել. եղբայրս՝ Ժորժը, շատ մեծ տան մեջ միայնակ է ապրում: Երեք տարի առաջ մահացել է կինը, իսկ որդին, կնոջ ու երեխայի հետ, ապրում են Փարիզում: Օրերս տան աշխատողը մեկնել է հայրենիք՝ Բուլղարիա, էլ չի վերադառնալու, ես ուզում եմ, որ դու տեղափոխվես՝ աշխատելու եղբորս տանը: Ժորժը բարեհոգի մարդ է, մըրթմըրթան չէ, առանձնապես պահանջկոտ չէ, երբ տեսնում է, որ աշխատողը բարեխղճորեն է կատարում իր գործը, իսկ քո բարեխղճության հարցում արդեն կասկած չունեմ:
Ինձ ոչինչ չէր մնում անելու, համաձայնվեցի:
Գնացինք: Մադամ Ալիսն ինձ ներկայացրեց եղբորը, գովեց իմ աշխատասիրությունը, համեստությունը: Եղբայրն առանց երեսիս անգամ նայելու՝ ասաց.
– Եղավ, թող անցնի աշխատանքի:
Պարոն Ժորժը մոտ 70 տարեկան, սպիտակահեր, բայց բավական առույգ տղամարդ էր: Նա քիչ էր տանը լինում: Առավոտյան մի բաժակ սև, դառը սուրճ էր խմում, գնում, երբեմն վերադառնում էր երեկոյան՝ իմ տուն գնալուց քիչ առաջ: Հաճախ ցերեկները, ճաշի ժամին, զանգում էր, զգուշացնում, որ գալու է ընկերոջ հետ: Ինձ հետ համարյա չէր խոսում, միայն՝ բարև, ցտեսություն, շնորհակալություն:
Մի օր էլ, նրա սուրճը, ինչպես միշտ դրեցի սեղանին, ցանկացա դուրս գալ, հանկարծ կանգնեցրեց:
– Աղջիկ, դու հա՞յ ես, քո ընտանիքը Պոլսի՞ց է Մարսել եկել:
– Այո, պարոն,- պատասխանեցի ու զգացի, որ նա շատ հետաքրքիր, ուսումնասիրող հայացքով է ինձ նայում:
Այդ օրը հենց այդքանով էլ ավարտվեց մեր զրույցը, բայց հաջորդ օրերին նա կարծես փոխվեց, այլ մարդ դարձավ. սկսեց հետաքրքրվել իմ ընտանիքով, հարցեր էր տալիս Պոլսի մեր կյանքից, մի օր էլ խնդրեց, որ հայկական ճաշատեսակ պատրաստեմ: Ես հարիսա պատրաստեցի, ինչը նրան շատ դուր եկավ: Հետո տոլմա էլ փաթաթեցի: Նա խնդրեց, որ իր հետ սեղան նստեմ, միասին ճաշենք: Չեմ ուզում երկարացնել, խորանալ մանրամասների մեջ, ուղղակի ասեմ, որ պարոն Ժորժի հետ մեր հարաբերությունը փոխվեց, դարձավ ավելի անկաշկանդ: Երբ այդ մասին պատմեցի Զարուհուն, վերջինս մի տեսակ, ինձ համար անսպասելի ու անհասկանալի, մտահոգվեց ու քիչ խիստ ձայնով ասաց,
– Զգույշ մնա, ի՞նչ մտերմություն կարող է լինել աղքատ, փախստական հայ աղջկա ու մեծահարուստ գործարանատեր, տարիքոտ ֆրանսիացու միջև: Տես, որ այդ մասին Սեդրակի մոտ չխոսես:
Ես հետևեցի Զարուհու խորհրդին, ինձ սկսեցի ավելի հեռու պահել, խուսափում էի պարոն Ժորժի հետ զրույցներից ու սեղանի շուրջը նրա հետ նստելուց: Պարոնս իսկույն զգաց, նկատեց այդ փոփոխությունը: Բայց նա սկսեց ավելի հաճախ ցերեկները տուն գալ՝ ճաշելու: Երկար նստում էր հյուրասենյակում, ու ես զգում էի նրա ճնշող հայացքը, որ ամենուր ինձ էր հետևում: Ես այնքան էլ լավ չէի հասկանում, թե ի՞նչ է ուզում ինձանից այդ մարդը, որ ինձ պապիկի տեղ էր գալիս:
Մի օր էլ նա ձայնեց ինձ:
– Սրբուհի, ե՛կ, նստիր, քեզ հետ խոսելու բան ունեմ:
Մի տեսակ անհանգիստ կանխազգացումով, նստեցի աթոռի ծայրին, նա մի փոքրիկ տուփ դրեց սեղանին:
– Սրբուհի, վերցրու, բաց արա տուփը:
Դողդողացող մատներով բաց արեցի տուփը: Այնտեղ մի զույգ ականջօղեր էին, ես իմ կյանքում երբեք չէի տեսել այդքան գեղեցիկ զարդ:
– Քեզ համար եմ գնել, կախիր ականջներիդ, դրանք շատ կսազեն քո գեղեցիկ դեմքին,- քնքշորեն ասաց նա:
Ես սարսռացի՝ իմ առջև պատկերացնելով Զարուհու սաստող հայացքը: Փակեցի տուփը, հետ հրեցի:
– Շնորհակալ եմ, պարոն Ժորժ, բայց ես չեմ կարող վերցնել ձեր նվերը:
Նա մի տեսակ մռայլվեց, քիչ լռեց: Ես վեր կացա:
– Ես կարո՞ղ եմ գնալ, պարոն:
– Ոչ, դեռ նստիր, քեզ հետ խոսելու բան ունեմ:
– Տասն օրից,- շարունակեց նա,- ես գործով գնալու եմ Շվեյցարիա, դու երևի լսել ես այդ երկրի հրաշք բնության մասին, ուզում եմ, որ դու նույնպես ինձ հետ գաս:
Ես տեղում անհանգիստ շարժում արեցի:
– Համբերիր, դեռ ոչինչ մի ասա, լսիր ինձ մինչև վերջ: Ճիշտ է, մեր միջև տարիքային բավական մեծ տարբերություն կա, բայց ես առույգ, առողջ տղամարդ եմ, ես ուզում եմ, որ իմ կողքին կին լինի, և այդ կինը դու լինես, իմ անմեղ հրեշտակ: Շատ կանայք կերազեն իմ կողքին, ինձ հետ լինել, բայց միայն քեզ եմ ես տեսնում իմ կողքին: Խոստանում եմ, որ քեզ թագուհու նման կպահեմ, ինձ հետ դու երջանիկ կլինես: Եթե համաձայնվես, կխոսեմ հորեղբորդ հետ, նա չի կարող ինձ մերժել, միայն դու համաձայնվիր, ինձ հետ գնանք Շվեյցարիա: Դու ինձ հիմա ոչինչ մի պատասխանիր, հասկանում եմ, շփոթված ես, քեզ համար անակնկալ է իմ այս առաջարկը, գնա, երկար մտածիր, երկու օրից կպատասխանես: Հուսով եմ, քո պատասխանը կերջանկացնի ինձ: Դու կդառնաս այս դղյակի թագուհին, ստիպված չես լինի այլևս կատարել նսեմացուցիչ աշխատանքներ, դու կունենաս քո տնտեուհին ու սպասուհին:
Չիմացա, թե ինչպես հասա տուն, Զարուհուն ասացի, որ ուժեղ գլխացավ ունեմ ու անկողին մտա: Եկավ Սեդրակը, ես դուրս չեկա սենյակից: Չգիտեմ ինչու, մի տեսակ մեղավորության զգացում ունեի, ամաչում էի տանեցիներից, Սեդրակից:
Գիշերը բաց աչքով լուսացրեցի: Առավոտյան հագնվեցի ու գնացի: Պարոն Ժորժը, սովորականի նման բարևս առավ, ես անցա խոհանոց: Նա հետևիցս եկավ, ասաց:
– Սրբուհի, այսօր ճաշին գալու եմ մի շատ մտերիմ մարդու հետ, խնդրում եմ, ձեր հայկական ճաշատեսակներից մի բան պատրաստիր:
Երբ կեսօրին եկան, հյուրը հետաքրքրությամբ նայեց իմ դրած ճաշի սեղանին, հաճույքով կերավ տոլմայից, գովեց: Պարոն Ժորժը խնդրեց, որ սուրճը բաց պատշգամբում մատուցեմ, ու հյուրի հետ տեղավորվեցին պատշգամբի բազմոցներին:
Խոհանոցում ես թարմ նարնջի հյութ էի պատրաստում: Խոհանոցից պաշգամբ նայող բաց պատուհանից լսում էի նրանց զրույցը, որի ընթացքում լսեցի Ստամբուլ բառը: Հետաքրքրությունս շարժվեց, կողքից քիչ մոտեցա բաց պատուհանին: Խոսում էին Ստամբուլից եկած ինչ-որ մեծ նավաբեռի մասին: Պարոն Ժորժը մեծ ոգևորությամբ պատմում էր, որ բեռը այս երկու օրը կտեղափոխեն իր գործարան, ու կսկսեն համապատասխան արտադրամասերի կահավորումը:
– Բայց չասացիր, այդ ի՞նչ են բերել Թուրքիայից, ի՞նչ արտադրանք ես տալու,- հանկարծ հարցրեց հյուրը:
– Շատ թանկ բեռ է,- պատասխանեց պարոնս,- թուրքերի կողմից սպանված հայերի ու հույների դիակներ են, ավելի ճիշտ՝ ոսկորներ, որոնց մշակումից ստանալու ենք օճառ ու էլի մի քանի արտադրատեսակներ:
Ձեռքիս բռնած հյութի ամանը շրխկոցով ընկավ գետին ու փշուր-փշուր եղավ: Հաջորդ պահին խոհանոց վազեց պարոն Ժորժը:
– Սրբուհի, ի՞նչ պատահեց:
– Ոչինչ, ես հիմա կհավաքեմ,- մի կերպ կարողացա պատասխանել:
Պարոն Ժորժը մոտեցավ, փակեց բաց պատուհանի փեղկն ու գնաց, հյուրի հետ շարունակեցին իրենց զրույցը:
Ողջ գիշեր ես ուզում էի մարսել լսածս, հասկանալ. այդ ինչպե՞ս, փաստորեն ինչ-որ մեկը կարողացել է հավաքել սպանված հայերի ու հույների 400 տոննա ոսկորներ, դրանք հասցնել Մարսել, վաճառել, որ դրանից օճառ ստանան, հարստանան, միլիոնը միլիարդ դարձնեն: Սիրտս քարացել էր, չէի կարողանում ոչ լաց լինել, ոչ էլ գոնե այդ մասին հորեղբորս բան ասել: Երկար մտածում էի՝ գնա՞լ պարոն ժորժի տուն, վերջը որոշեցի՝ պիտի գնամ, ես այնտեղ անելիք ունեմ: Ողջ ճանապարհին աչքիս առաջ ծնողներս էին, եղբայրներս: Ես խենթանում էի այն մտքից, որ այդ դիակների, ոսկորների մեջ հնարավոր է, որ լինեն նաև իմ ընտանիքի, իմ հարազատների ոսկորները: Դրանք իմ հայ ազգի ոսկորներ էին:
Ճաշին եկավ պարոն Ժորժը: Ես երկրորդ հարկում անկողնու սպիտակեղենն էի փոխում, երբ լսեցի բացվող դռան ձայնը: Կեղտոտ սպիտակեղենը թևիս գցած, դուրս եկա, աստիճաններով բարձրանում էր պարոն Ժորժը: Կանգնեցի հարթակում, նա բարձրացավ, կանգնեց վերջին աստիճանի վրա՝ ինձ դեմ-դիմաց:
– Սրբուհի, այսօր դու ինձ պետք է պատասխան տաս:
Նրա ձայնի մեջ մի տեսակ չոր ու հրամայական տոն որսացի, ինչն էլ մի տեսակ ավելի զայրացրեց ինձ:
– Այո, պարոն Ժորժ, ես համաձայն եմ Ձեզ հետ Շվեյցարիա գալ, բայց մի պայմանով:
– Ասա, Սրբուհի, ասա պայմանդ, ես համաձայն եմ քո բոլոր պայմաններին,- ձայնի տոնը փոխված, մի տեսակ դողահար ու կեղծավոր ասաց նա:
– Ես Ձեզ հետ կգամ ու ընդհանրապես Ձեր կողքին, որպես հավատարիմ ու նվիրված կին կլինեմ, եթե Դուք որևէ տեղ հողին հանձնեք Ստամբուլից բերված, սրի քաշված հայ ու հույն մարդկանց ոսկորները, թող նրանք հանգչեն գերեզմանում, չի բացառվում, որ իմ ծնողների, եղբայրների ոսկորներն էլ այդ բեռի մեջ լինեն,- ասացի ու փղձկացի, բայց հաջորդ պահին էլ շանթահարվեցի պարոնի քրքիջից;
– Այդ ի՜նչ ես ասում, աղջիկ, ի՜նչ հողին հանձնել, ի՜նչ գերեզման, դու չես հասկանում, թե ինչ ասել է բիզնես, գործարարություն, Դու գիտե՞ս, թե ես որքան մեծ գումար եմ վճարել այդ բեռի համար,- նա շարունակեց ծիծաղել,- հա՜-հա, ծնողներիդ ես հիշել, հասկանում եմ, նրանց համար գերեզման ես ուզում, ես խոստանում եմ, մի հողակտոր վերցնել, ծնողներիդ համար գերեզման սարքել, քո սիրտը հովացնել, բայց այդ բեռի հետ դու գործ չունես, աղջիկ, ու մյուս անգամ չհամարձակվես այդ մասին բարձրաձայն խոսել, փաստորեն դու այնքան էլ միամիտ ու մաքուր չես, ինչպես կարծել եմ, դու ականջ ես դրել ընկերոջս հետ երեկվա մեր խոսակցությանը,- նրա ձայնը դարձավ չոր ու դաժան,- ահա, թե ինչպիսին եք դուք՝ հայերդ, փաստորեն թուրքը գիտեր, թե ինչ է անում, ում հետ ինչպես է վարվում, քո ազգը բնաջնջվել է, նրանից այդ ոսկորներն են մնացել, փաստորեն դրանք էլ իրենցից վտանգ են ներկայացնում:
Ես ցնցվեցի, փաստորեն նա արդարացնում էր թուրքին, ատում, արհամարհում էր իմ ազգին:
– Թողեք, ես հեռանում եմ ձեր տանից, ես այլևս ձեր աշխատողը չեմ, դուք անսիրտ մարդ եք,- համարձակ նրա աչքերին նայեցի ես ու ոտքս գցեցի, որ աստիճանով ցած իջնեմ:
– Ո՜չ,- երկու թևերիցս բռնեց նա,- դու ոչ մի տեղ էլ չես գնա, ես թույլ չեմ տա, դու կենթարկվես ինձ, հիմա ես ոստիկանություն կկանչեմ ու կհայտնեմ, որ դու իմ տանից գողություն ես կատարել:
– Թողեք ինձ,- անզուսպ ճչացի ու թևերս նրա ձեռքերից ազատելով, որքան ուժ ունեի, հրեցի նրան:
Պարոն Ժորժը աստիճանի վրա հետ գնաց, չկարողացավ հավասարակշռությունը պահել ու աստիճաններով գլորվեց ցած, գնաց, խփվեց աստիճանների դիմաց դրված մարմարե մեծ ծաղկամանին: Ես տեղում քարացա: Պարոն Ժորժն անշարժ ընկած էր:
Ուշքի գալով, աստիճաններով հուշիկ իջա ցած, մոտեցա: Աչքերը բաց էին, բայց անշարժ էր, քունքի մոտ արյան փոքրիկ շիթ կար: Մի պահ շիվար կանգնեցի, բայց հանկարծ ներսիցս մի թույլ ձայն լսեցի:
– Այդպես թուրքն էլ մի օր կստանա իր պատիժը, Սրբուհի, հավաքիր քեզ, չհանձնվես,- մորս ձայնն էր:
Ուշքի եկա, հավաքեցի ինձ, դողահար վիճակս անցավ, գիտակցեցի կատարվածը, խղճահարության ոչ մի նշույլ չզգացի մեռածի նկատմամբ: Դարձա սառն ու ինքնավստահ, վախս էլ անհետացավ ինչ-որ տեղ: Հիմա, մոտ 70 տարի անց, այդ հիշելիս, էլի սարսռում եմ, բայց հավատա, այն ժամանակ չսարսռացի, այդ պահին ես իմ հայ ազգի հավաքական կերպարն էի, որ պատժում էի իմ ազգին ատողին ու արհամարհողին, թուրքի սպանդը արդարացնողին: Ինչպես շուն Թալեաթին սպանող Թեյլերյանն ասաց՝ ես մարդ էի սպանել, բայց ես մարդասպան չէի:
Հավաքեցի աստիճանների վրա թափված կեղտոտ սպիտակեղենը, տարա լվացքասենյակ ու վազեցի դուրս: Պարոն Ժորժի վարորդը նստած էր փոքրիկ պահակատանը: Բղավեցի, որ շուտ գա: Վարորդը եկավ:
– Ներս մտիր, տես, պարոն Ժորժին ի՞նչ է պատահել, ես խոհանոցից դուրս եկա, այսպես ընկած էր:
Զանգեցինք, քիչ հետո եկավ բժիշկը, ապա ոստիկանությունն ու մադամ Ալիսը:
Բնականաբար ոստիկանն առաջինն ինձ դիմեց: Ես ասացի, որ խոհանոցում իմ գործին էի, պարոն Ժորժը զանգեց, որ գալիս է ճաշելու: Քիչ անց եկավ, ըստ սովորության, բարձրացավ՝ հագուստը փոխելու: Ես հացի սեղանն էի պատրաստում, հանկարծ ձայն լսեցի, խոհանոցից դուրս եկա, տեսա՝ պարոն Ժորժն արդեն ընկած է այստեղ, ձայն տվեցի վարորդին, հետո տեղյակ պահեցինք, դուք ու բժիշկը եկաք:
Մինչ ես պատմում էի այդ բոլորը, պարոն Ժորժի անձնական բժիշկը ավարտեց դիակի զննումը, լուռ բարձրացավ, հերթով նայեց բոլոր կանգնածներին, հանկարծ դիմեց ինձ.
– Դուք բուլղարուհի՞ եք,- հավանաբար գիտեր, որ նախորդ տնտեսուհին բուլղարուհի էր:
Ինձ մի դող բռնեց, մի դող բռնեց:
– Ոչ, ես հայ եմ,- հազիվ կմկմացի:
Բժիշկը խորաթափանց հայացքով այնպես նայեց, կարծես մի անսպասելի բան ասացի: Ես հազիվ դիմացա այդ հայացքին ու մի կերպ ոտքի վրա մնացի: Վերջ, նա գլխի ընկավ, որ ես եմ հրել՝ մտածեցի:
– Ի՞նչ կասեք, բժիշկ,- հարցրեց հեկեկացող մադամ Ալիսը:
– Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, մինչև դիահերձում չկատարեմ: Երկու օրից, վերջնական եզրակացությունը կներկայացնեմ ոստիկանությանը:
Ոստիկաններն ինձ ու վարորդին իրենց հետ տարան ոստիկանություն: Մինչ այդ, երբ բժիշկը հավաքում ու կոճկում էր իր բժշկական պայուսակը, պայուսակի վրա ես ֆրանսերենով կարդացի՝ դոկտոր Ա. Ղասաբյան: Բժիշկը հայ էր:
Երկու օր անցկացրեցի ոստիկանությունում: Երրորդ օրը ոստիկանը խցի դուռը բացեց, ինձ դուրս կանչեց:
– Դուք ազատ եք, կարող եք տուն գնալ:
Հերթապահ ոստիկանի մոտ ես ոտքս կախ գցեցի:
– Իսկ ի՞նչ էր պատահել Պարոն Ժորժին,- հարցրեցի հերթապահին:
– Ստացվել է բժշկական եզրակացությունը, ըստ դրա, պարոն Ժորժը ուղեղի կաթված է ստացել, որի պատճառով էլ գլորվել է աստիճաններից:
Նորից աչքիս եկավ բժշկի պայուսակի վրայի գրությունը՝ Ա. Ղասաբյան: Ես խորը շունչ քաշեցի:
Գնացի տուն: Դե, արդեն պարզ էր, թե ոստիկանությունում երկու օր իմ գտնվելը ի՜նչ վիճակի էր հասցրել տանեցիներին, ինչպես նաև՝ Սեդրակենց տանեցիներին:
– Սրբուհի, վերջապես պատմիր, ի՞նչ է կատարվել պարոն Ժորժի տանը,- բացականչեց հորեղբայրս:
Ես մանրամասն պատմեցի ողջ եղելությունը: Բոլորը քարացել էին, ոչինչ չէին կարողանում ասել:
– Իմ խեղճ աղջիկ,- գլուխս գրկեց Զարուհին,- այս ինչի՞ միջով ես անցել:
***
Մոտ մեկ ամիս, ես տանից դուրս չեկա: Այն պահին, երբ հրել էի պարոն Ժորժին, նա գլորվել էր աստիճաններից ու մեռած ընկած էր գետնին, ես չէի ապրել այն վախն ու սոսկումը, որ հետո, օրեր անց, պատեց ինձ: Աչքիս առաջ շարունակ նրա բաց աչքերն էին:
Այդ ընթացքում հորեղբայրս ու Սեդրակի հայրը, նրանց հետ միասին նաև մեր հույն բարերար հարևանները, բոլոր հնարավոր ուղիներով հետաքրքրվեցին, բայց այդպես էլ նրանց չհաջողվեց իմանալ հայ ու հույն սպանվածների 400 տոննա դիակների ճակատագրի մասին: Որոշ ժամանակ անց, ինչպես ֆրանսիական, այնպես էլ հունական ու ամերիկյան մամուլում, կծկտուր հաղորդագրություններ եղան այդ մասին՝ ՏԽՈՒՐ ԲԵՌԸ վերնագրով, բայց թե ի՞նչ եղավ, վերջապես որտե՞ղ հանգրվանեց ոսկորներով այդ տխուր բեռը, ոչ մի տեղ այդպես էլ չնշվեց, մոռացվեց, անցավ, գնաց:
Երկու ամիս անց, ես ու Սեդրակը ամուսնացանք ու տեղափոխվեցինք ապրելու Փարիզում: Սեդրակը շատ հոգատար ու ուշադիր ամուսին էր, լավ մարդ: Տարիների ընթացքում մենք աշխատեցինք, տուն ու տեղի տեր դարձանք, բայց ցավոք, ես չկարողացա նրան երեխա պարգևել: Ծանր հիվանդությունից հետո, քսան տարի առաջ, Սեդրակը մահացավ, իսկ ես, ինչպես տեսնում ես, դեռ ապրում եմ, ամեն առավոտ, ամեն երեկո աղոթում եմ իմ Հայ ազգի համար, նրա վաճառված ոսկորների համար, այդ ՏԽՈՒՐ ԲԵՌԻ համար, ինչի մեջ, հավանաբար նաև իմ հարազատների ոսկորներն էին:
Ահա, սիրելի Նունե, այս է իմ կյանքի ողբերգական պատմությունը:
***
Ես երկու տարի մնացի տիկին Սրբուհու տանը: Երբ լրացավ նրա 95 տարին, տիկին Սրբուհին հիվանդացավ, անկողին ընկավ ու այլևս անկողնուց չբարձրացավ: Աշնանային մի անձրևոտ օր, նա աչքերը հավերժ փակեց, գնաց, միացավ իր ցեղասպանված ծնողներին, եղբայրներին:
Ես վերադարձա Հայաստան, Երևան:
ՄԵԼԱՆՅԱ Պ Melanya Petrosyants
H.G. Հույն պատմաբան Վլասիս Ագձիդիսն ուսումնասիրել է այս թեման՝ առանձնացնելով այս սարսափելի փաստերն ապացուցող աղբյուրները՝ Eleftherotypia, New York Times եւ Midi պարբերականները, Էրվե Ժորժելի «Զմյուռնիայի ավերման հետ կապված, ֆրանսիական արխիվների անհամապատասխանությունը» վերնագրով աշխատությունը եւ Էլիաս Վենեզի անունով մի ականատեսի վկայությունները «31328. ստրկության գիրք» վերնագիրը կրող գրքում։
«Փոքր Ասիայում աղետի հետ կապված սարսափելի պատմություն՝ վաճառքի կմախքներ», գրել է Վլասիս Ագձիդիսն ու հավելել՝ կարո՞ղ են զոհերի մնացորդները սպանողների համար հարստության աղբյուր հանդիսանալ:
Թամեր Չիլինգիրն իր «Քեմալիստներն ինչպես 50 հազար դիակ վաճառեցին ֆրանսիացիներին» հրապարակման մեջ հիշեցրել է, որ 1924-ի դեկտեմբերին, Սալոնիկում հրատարակվող «Մակեդոնիա» պարբերականը եւս անդրադարձել է այս թեմային՝ «Տխուր բեռ» վերնագրով)։

Մելանյա Պետրոսյանց