Պետք է հետ վերցնենք մեր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից. Զարուհի Փոստանջյան


Պետք է հետ վերցնենք մեր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից. Զարուհի Փոստանջյան
Ապրիլ 24 12:10 2017

Ժամանակն է, որ ՀՀ-ն հանի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Արդեն ժամանակն է, նույնիսկ մենք ժամանակ ենք կորցրել, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների տակից հետ վերցվի Հայաստանի Հանրապետության ստորագրությունը: Թեպետ արձանագրություններն արդեն ԱԺ-ում չեն, բայց դրանց տակ շարունակում է մնալ Հայաստանի ստորագորւթյունը: Բացի այդ մենք պետք է իրավունքի ուժով ճանաչենք մեր պահանջատիրությունը», - ասել է Փաստանջյանը:

Նա նշեց, որ սրա վերաբերյալ ժամանակին ներկայացրել է երեք օրինագիծ. «Առաջինը վերաբերում է Թուրքիայի կողմից մեր հայրենիքի բռնազավթման դատապարտմանը, երկրորդը` քեմալաբոլշևիկյան գործարքին, քանի որ Հայաստանի տարածքներն ուղղակի նվիրաբերվել են Թուրքիային, և երրորդը վերաբերում է բնիկ ժողովուրդների իրավունքներին: Մենք` հայերս, այս տարածքի բնիկ ժողովուրդ ենք, ու այդ տարածքը երկիր ծիրանին է: Կարծում եմ` այս պահին մենք չպետք է սգանք, այլ մեր պահանջները ներկայացնենք, քանի որ վերածնվել ենք: Պետություններից պահանջել Ցեղասպանության ճանաչում` արդյունավետ չէ: Մենք պետք է պահանջենք ոչ թե Ցեղասպանության, այլ մեր իրավունքների ճանաչում ու մեզ հասցված վնասների հատուցում: Դրանք և՛ նյութական են, և՛ բարոյական են, և՛ տարածքային: Պետք է պահանջենք մեր տարածքային ամբողջականության վերականգնում»: