ՀՀԿ -ի և ՀՅԴ-ի միջև կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին բանակցությունները վերջնական փուլում են, և առաջիկայում այդ մասին հայտարարություն կարվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հստակեցումները կլինեն մինչև օրենքով նախատեսված կարգով նոր խորհրդարանի առաջին նիստը: Մինասանը նշել է, թե ձգձգման խնդիր չկա, ամեն ինչ կլինի ժամանակին:
Հարցին, թե ինչո՞ւ են քննարկումներ ծավալվում, եթե այս կուսակցությունների միջև համագործակցության մասին հուշագիրն անժամկետ էր, Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ ճիշտ է՝ նախորդ փետրվարյան համաձայնագիրը անժամկետ էր, բայց այսօր «ուղղակի ճշգրտումներ են կատարվում»:
«Այսօր ճշգրտման խնդիր կա, որովհետև ընտրություններից հետո և նաև նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները լայն թափով առաջ տանելու տեսակետից նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա», - ասաց Մինասյանը: