Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերն ու համարժեք գործողությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերի խնդիրը մեկն է՝ հաղթանակը, և ողջ հայ ժողովուրդը միասնական կերպով ինչպես միշտ կանգնած է բանակի կողքին:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

 

Azatutyun.am