«Եղբա՛յր, օրենքով բռնել եք, օրենքով դատեք» ամբաստանվող դատավոր


«Եղբա՛յր, օրենքով բռնել եք, օրենքով դատեք» ամբաստանվող դատավոր
Ապրիլ 19 19:30 2017

Դատարանում մեղադրանքը պետք է պաշտպանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Պահանջում է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը:

«Չեմ ուզում լիրիկական զեղումներ թույլ տալ, սակայն ասեմ, եղբա՛յր, օրենքով բռնել եք, օրենքով դատեք»,- այսօր դատարանում նշեց նախկին դատավորը:

Գլխավոր դատախազի կողմից տրված լիազորագրով դատարան ներկայացած դատախազ Կարեն Բիշարյանին նա պատշաճ մեղադրող չհամարեց եւ նրա լիազորությունները դրեց կասկածի տակ:

«Ուղղակի հակաօրինական է եւ ապօրինի նրա եւ ցանկացած այլ դատախազի մասնակցությունը, որպես մեղադրողի»,- ավելացրեց Իշխան Բարսեղյանը:

Իսկ դատախազ Կարեն Բիշարյանը պարզաբանեց. «Դատական օրենսգրքով նման երաշխիք ամրագրված չէ, որ դատավորի վերաբերյալ մեղադրանքը պարտադիր պետք է պաշտպանի գլխավոր դատախազը»:

Այս գործով դատական նիստերը բավականին երկար ժամանակ չէին կայանում, քանի որ գործը քննող դատավորը տեղափոխվել էր այլ դատարան:

Չնայած ամբաստանյալի պահանջին՝ նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց շարունակել դատական նիստը, որի ժամանակ մեղադրողը ընթերցեց մեղադրական եզրակացությունը։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը մեղադրվում է խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք վերցնելու մեջ։ Փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել կաշառքի միջնորդության համար։ Ի տարբերություն դատավորի՝ Էլզա Զաքարյանը ընդունեց իր մեղադրանքը։

Նիստը կշարունակվի ապրիլի 28-ին: