Աննա Հակոբյանը թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մարշալ Բաղրամյանի թոռներին, Համազասպ Բաբաջանյանի դստերը (լուսանկարներ)


Աննա Հակոբյանը թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մարշալ Բաղրամյանի թոռներին, Համազասպ Բաբաջանյանի դստերը (լուսանկարներ)
Մայիս 13 10:32 2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) եւ «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի (Фонд памяти полководцев победы)  պատվիրակությունների անդամներին` հիմնադրամի ղեկավար Նատալյա Կոնյեվայի  (Խորհրդային միության մարշալ Ի. Ս. Կոնյեվի դուստրը) գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են եղել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստրը` Լարիսա Բաբաջանյանը եւ թոռնուհին Մարկոս Յուլյա Միխայլովնան, Խորհրդային միության մարշալ եւ Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու դուստրը` Նատաշա Ռոկոսովսկայան եւ ամուսինը` Ալեքսանդր Ուրբանը, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռները`Կարինա Նաջարովան եւ Իվան Բաղրամյանը եւ ծոռը` Անդրեյ Զայցեւը,  Խորհրդային միության մարշալ Լեոնիդ Գովորովի թոռը` Ալեքսեյ Գովորովը տիկնոջ Նատալյա Գովորովայի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Սոկոլովսկու թոռնուհին Նատալյա Սոկոլովսկայան ամուսնու` Միխայիլ Սինյուկովի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Չույկովի թոռը Նիկոլայ Չույկովը, Խորհրդային միության մարշալ Սեմյոն Բուդյոննիի թոռը` Ալեքսեյ Բուդյոննին, զրահատանկային զորքերի մարշալ Օլեգ Լոսիկի թոռնուհին` Իրինա Լազարեւան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, ՌՀՄ առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, ՌՀՄ ներկայացուցիչներ Արայիկ Թաթոյանն ու Ռազմիկ Գեւորգյանը:

Ողջունելով հյուրերին, Աննա Հակոբյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել եւ շփվել հերոսական ուղի անցած զինվորականների ժառանգների հետ: «Ինչպես դուք, այնպես էլ ես հպարտանում եմ այն սխրանքներով, որ կատարել են Ձեր հայրերն ու պապերը իրենց երկրի պաշտպանության համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Թեյի սեղանի շուրջ ներկաներից շատերը պատմել են Հայաստանի ու հայերի հետ շփումների մասին իրենց հիշողություններից ու տպավորություններից:

Երբ Նիկոլայ Չույկովը ընկերներին ասել է, որ գալիս է Հայաստան եւ հանդիպելու է Աննա Հակոբյանին, ծանոթներից մեկի որդին` Լեւոնը խնդրել է նամակ փոխանցել վարչապետ Փաշինյանին: Նամակում Լեւոնը գրում է, որ երբ մեծանա անպայման վերադառնալու է եւ ապրի Հայաստանում:

Մարշալ Բաբաջանյանի դուստրն էլ Լարիսա Բաբաջանյանը շեշտել է, որ իրենց հայրը ծառայելով Խորհրդային միությանը` միշտ հավատարիմ է մնացել իր պատմական հայրենիքին` Հայաստանին եւ այդ սերը փոխանցվել է նաեւ իրեն ու իր զավակներին: Լարիսա Բաբաջանյանը Աննա Հակոբյանին է հանձնել Մարշալ Բաբաջանյան հոբելյանական հուշամեդալը: Ներկաները Աննա Հակոբյանին են նվիրել իրենց հայրերի ու պապերի մասին պատմող «Имена победы. Полководцы и военачальники ВОВ 1941-1945» խորագրով մատենաշարի հատորները:

«Ռուսաստանի հայերի միությունը» եւ «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամը, որը միավորում է Հաղթանակի զորավարների հետնորդներին, մայիսի 12-14-ին Հայաստանում կանցկացնեն «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողով: Համաժողովի շրջանակում, մայիսի13-ին «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում կկայանա Հայաստանում եւ Արցախում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետարանների մեծարման արարողությունը: