Եթե հնարավորություն լիներ նորից մայրանալու, նորից Վարդան կբերեի մնացած հողերը ազատագրելու համար. Դուշման Վարդանի մայրը. (բացառիկ լուսանկարներ)


Եթե հնարավորություն լիներ նորից մայրանալու, նորից Վարդան կբերեի մնացած հողերը ազատագրելու համար. Դուշման Վարդանի մայրը. (բացառիկ լուսանկարներ)
Մայիս 9 22:57 2019

Եթե հնարավորություն լիներ նորից մայրանալու, նորից Վարդան կբերեի մնացած հողերը ազատագրելու համար:  Armday.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց  Զարիկ մայրիկը՝ Շուշիի ազատագրման գործում ամենաակտիվը, ամենախիզախ ու համարձակ Վարդան Ստեփանյանի` Դուշմանի մայրը:

«Երջանիկ եմ, որ Թուրքի դուշման Վարդան Ստեփանյանի նման որդի եմ ունեցել: Այսօր այս հողի վրա, Հայաստան և Արցախ աշխարհում կին, երեխա, տղամարդ, բոլորն իրենց պետք է համարեն զինվոր, որ կարողանանք մեր հայրենիքն ուժեղացնենք, մեր հաղթանակները հաստատուն պահենք և աշխարհին  ապացուցենք, որ հաղթել ենք ու կհաղթենք »,-ասաց Զարիկ մայրիկը:

Հերոսի մասին խոսելիս  մայրը  միշտ ներկայով է խոսում:  Առավոտյան բարի լույս է մաղթում որդուն,գիշերը ՝բարի գիշեր:

Անդրադառնալով որդու  մանկությանը՝  Զարիկ մայրիկը նշեց՝ որդուն առանձնահատուկ դաստիարակություն է տվել, քանի որ նա ավագ երեխան է եղել  և պետք է օրինակ լիներ բոլորի համար:

«Վարդանը ծնվել է 1966 թվականի մարտի 8-ին: Մարգարյան հիվանդանոցում բժիշկը մոտեցավ և խնդրեց, որ թույլ տամ գրել մարտի 9, քանի որ Խորհրդային Միության ժամանակ մարտի 8-ը բուռն էին նշում: Հայրը շուտ էր մահացել, միայնակ դաստիարակեցի: Երեխաներիս դաստիարակել եմ այնպես, որ մարդ լինեն, չարիք չլինեն ոչ մեկի համար, մի կտորը հացը կիսեն, օգնեն ընկածին: Խիստ մայր եմ եղել»,-ասաց նա:

Դեռ օրօրոցում՝ Վարդանի գլխավերևում  կախել է Չարեցնի նկարը, Չարենցով դաստիարակել որդուն:

Վարդանի լեզուն երբ բացվել է, հարցրել են՝Վարդան,ինչո՞ւ մահացավ Չարենցը, ասել է՝ մահացավ, որովհետև մեր  հողերը չտվեցին:

Վարդան Ստեփանյանը պատրաստ է գնացել դպրոց.տառաճանաչ, գիտակից, չարն ու բարին՝ տարբերող: Չարենցի Սևակի, Շիրազի հոգեբանությամբ մեծացած  երեխան յոթերորդ դասարանում գրել է. «Խոսենք մաքուր հայերեն, որ անաղարտ մնա մայրենին»:

Դպրոցը գերազանց է ավարտել: Լավ իմանալով  իր ազգի ժողովրդի պարտություններն ու հաղթանակները՝ զգալով, որ իր ազգին զինվոր է պետք, դիմել է, որ իրեն ուղարկեն Աֆղանական պատերազմ: Նա  հայտարարել է. «Դարավոր թշնամի ունենք, զինվոր չունենք: Ուր էլ գնամ, տուն եմ գալու,մա՛յր, դու չես լացելու»:

Մայրը փորձել է ճանապարհը փոխել, որ պատերազմ չգնա, սակայն չի կարողացել: Պատերազմից վերադարձել է կարմիր աստղով՝հերոսացած օտարի հողում:

1988 թվականին, երբ սկսվել է Արցախյան շարժումը նա իր փորձով միացել  և հայտարարել է իր ընկերներին. «Ազատության հրապարակում հավաքվելով մենք չենք կարող հաղթանակ բերել, մեզ զենք է հարկավոր. Մորն էլ, թե՝քո մահն անգամ,մամա, ինձ հետ չի պահի, քեզանից թանկն էլ կա .դա իմ ազգն է:

«Զինվորագրեցի որդուս, փամփուշտ շարեցի ու պատերազմ ճանապարհեցի, հաղթանակներ տեսա» ,-հպարտությամբ հիշեց մայրը:

1988 թ Առագաստում, երբ  Վարդանը հայտարարել է, որ առաջինը պետք մտնի Շուշի, Լաչինով տուն գա,տղաները ծիծաղել ու ասել են ՝Աֆղանական պատերազմի մասնակից է, երևի ուղեղի ցնցում է տարել, Շուշի է երազում: Հավատարիմ մնալով խոստմանը՝ Վարդանը մասնակցել է Արցախյան պատերազմի տարածքների ազատագրման ողջ ընթացքին, մտել է Շուշի ու ազատագրումից հետո եկեղեցու քարերը համբուրելուց հետո, գինու շիշը վերցրել  ու մտել է  հայկական գերազմանոց, գինին կաթեցրել  շիրիմներին ու գոռացել. «Մեր պապե՛ր,Շուշին ազատագրված է, հանգստացեք»:

Որդու մասին խոսելիս  Զարիկ մայրիկն ափսոսեց  միայն, որ նրանից ժառանգ չունի, հետո ավելացրեց, որ բոլորն էլ իր զավակներն են:

«Հիանալի երիտասարդություն ունենք, հպարտանում եմ հղի կնոջով, Եռաբլուրում երեխան գրկած սիրող զույգերով: Այնտեղ հաղթած զորամաս է: Մենք աշխարհին ցույց ենք տվել, որ փոքր ազգ ենք, բայց պատերազմում ենք մեր հողի համար: Մեր անկախության սերունդը, հաղթական սերունդը ապացուց Ապրիլյան պատերազմի ժամանակ, որ հետնորդն են մեր որդիների և կարողացան ևս մեկ անգամ պաշտպանել այն հողը, որ արյունով է ներկված, արյունով է սնուցվում»,-հպարտացավ հերոսի մայրը:

Կարինե Գևորգյան