Կոռուպցիայի հետքերով. «Նաիրիտ-2»-ից վարձակալված տարածքները կրկնակի վերավաճառել են 7 օրվա պատմություն ունեցող ՍՊԸ-ի. մանրամասներ (լուսանկարներ)


Կոռուպցիայի հետքերով. «Նաիրիտ-2»-ից վարձակալված  տարածքները կրկնակի վերավաճառել են  7 օրվա պատմություն ունեցող ՍՊԸ-ի. մանրամասներ (լուսանկարներ)
Փետրվար 2 20:30 2019

ՀՀ Էներգետիկայի նախարարությունը Նաիրիտ 2 ՓԲԸ-ի միջոցով 02.26.2018թ-ին  մեզ է վաճառել  2006 թ-ից մեր կողմից Նաիրիտ 2 ՓԲԸ-ից վարձակալված  տարածքները, մեզ հետ կնքել է  նոտարական առք ու վաճառքի պայմանագիր և քսան օր անց  Նաիրիտ 2 ՓԲԸ-ն  նույն մեր շենք-շինությունները վաճառել է արդեն այլ ընկերության՝ կատարելով կրկնակի վաճառք:  Այս մասին ArmDay.am-ին հայտնեցին «ՌՄԻԱ» ՍՊԸ հիմնադիր  տնօրեն Գուրգեն Սանոյանն ու «Մաքուր օդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Գուրգեն Մարգարյանը:

«2006 թ. «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող տարածքում վարձակալության հիմունքներով  մեր ընկերությունները սկսեցին օգտագործել  ք. Երևան, Շենգավիթ, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքները՝ «ՌՄԻԱ» ՍՊԸ-ն՝  և «Մաքուր օդ» ՍՊԸ-ն: Մեր կողմից վճարվում էր համապատասխան 230.000-250.000 ՀՀ դրամ/ամսական վարձավճարներ: Վարձակալության պայմանագրերը կնքվել էին 15 տարով: Մեր կողմից նշված տարածքները վարձակալական հիմունքներով օգտագործվել են մինչև 2016թ»,-ասաց  Գուրգեն Սանոյանը:

Հիմնադիր տնօրենները նշեցին, որ վարձակալված գույքն իսկզբանե վերածված  է եղել ավերակների և այդ վիճակով հնարավոր չեր որևէ գործունեության ծավալումը, այդ իսկ պատճառով  կատարել են մեծածավալ ներդրումներ նորոգման և վերականգնման համար:

«2016թ-ին «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տնօրենը դիմեց մեզ հայտարարելով, որ պետք է վարձակալության պայմանագիրը լուծարենք, քանի որ նշված գույքը, Կ. Կարապետյանի վարչակազմի կողմից շտապ վաճառելու որոշում է կայացվել։ Առաջարկվեց  գնել շինությունը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում այդ տարածքները կգնվեն այլ գնորդների կողմից: Մեր հարցին՝ «թե ինչու հատկապես արդեն նորոգված մեր գույքն է հանվել վաճառքի, չէ որ նույն տարածքում կան մոտ 10 ից ավելի ուրիշ շինություններ, պատասխանեցին, որ այդ հարցը իրենց իրավասության մեջ չէ»: Հաշվի առնելով մեր կողմից կատարված հսկայական ներդրումները արտադրամասերի (մոնտաժ-դեմոնտաժ) տեղափոխման ահռելի ծախսերը և մեր կողմից տարիների ընդացքում կատարված վարձավճարները (ընդհանուր առմամբ՝ համապատասխանաբար 27.000.000 և 34.000.000 դրամ)՝ մենք  ստիպված, հայթաթելով անհրաժեշտ գումարը, մասնակցեցինք «Ֆլորենս աճուրդի տուն» ՍՊԸ-ի, «Ակսոն ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդին»,-ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն 03.05.2016 թվականի անշարժ գույքի աճուրդի արդյունքների՝ ՆՏ-2 արձանագրության գույքը Գուրգեն Սանոյանն ու Գուրգեն Մարգարյանը  գույքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ձևակերպել են իրենց որդիների ՝  Գոռ Գուրգենի Սանոյանի և Լևոն Գուրգենի Մարգարյանի անուններով, ակնկալելով, որ հետագայում  ընկերությունները նույնպես վերաձևակերպելու են իրենց զավակների անուններով:  

15.06.2016 թ. «Ֆլորենս աճուրդի տուն» ՍՊԸ-ի և որդիների միջև կնքել է համաձայնագիր-ծանուցում ի կատարումն արձանագրության: 

Նրանց կողմից  ժամանակին կատարվել են համաձայնագրով սահմանված բոլոր վճարումները, սակայն «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն մոտ 18 ամիս հետո է միայն կարողացել համապատասխան փաստաթղթեր ներկայացնել նոտարական վավերացում իրականացնելու համար:

«Վերջապես, 26.02.2018թ-ին «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն  կարողացավ հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը և կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի նոտարական պայմանագիր: 20.03.2018 թվականին համապատասխան հասցե ստանալուց և հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո դիմել ենք ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ՝ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար:23.03.2018 թ-ին  ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ԻՑ ստացել ենք պատասխան առ այն, որ համաձայն ՀՀ կառավարության 01.03.2018 թվականի 200-Ա «գույքը ուղակի վաճառքով օտարելու որոշման» և 17.03.2018 թվականի պայմանագրի հիման վրա  նշված հասցեի «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող ք. Երևան, Շենգավիթ, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող ամբողջ տարածքի, շինությունների հետ միասին, ներառյալ մեր կողմից արդեն իսկ գնված  գույքի նկատմամբ 20.03.2018 թվականին կատարվել է սեփականության իրավունքի գրանցում «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ի անվամբ»,-ասաց  Գուրգեն  Սանոյանը:

Ստացվում  է՝ կնքելով անշարժ գույքի առք ու վաճառքի նոտարական պայմանագիր 21 օր հետո կառավարության որոշմամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի ամբողջ գույքը, ներառյալ հիմնադիրների կողմից գնված գույքը, անհասկանալի կերպով օտարում է «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին, հաշվի չառնելով նրանց սեփականության իրավունքը:

Գուրգեն Սանոյանն ու Գուրգեն Մարգարյանը  պարզաբանում են  պահանջում.

 

1.Ինչպե՞ս պատահեց, որ Կ.Կարապետյանի վարչակազմը անտեսելով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող ք. Երևան, Շենգավիթ, Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող  մեզ վաճառված գույքի  նոտարական գրանցման պայմանագիրը, անտեսելով ընդունեց նույն գույքի ուղղակի վաճառքի՝  ՀՀ կառավարության 01.03.2018 թվականի 200-Ա որոշումը:

2.Ի՞նչ շահագրգրվածություն պետք է ունենա  Կ.Կարապետյանի խորհրդական ներկայացող ոմն Հայկ Դավթյանը, որը մեզ երկու անգամ հրավիրել է Արշակունյաց պողոտայում գտնվող իր գրասենյակը, բերելով ինչ-որ անհիմն ու անիմաստ հիմնավորումներ,  շատ առհամարական ձևով հայտարարել, թե մեր հետ գործարքները սխալ են ձևակերպվել և աճուրդն ու գույքի գնման նոտարական պայմանագիրը չեղյալ են համարվելու և, որ մենք  կարճ ժամանակում պետք է ազատենք մեր կողմից արդեն իսկ գնված գույքը:

Երկրորդ հանդիպման ժամանակ Հայկ Դավթյանը  «լավության կարգով»  Նաիրիտի տարածքում մեր կողմից գնված տարածքների փոխարեն ինչ-որ շինություն  է առաջարկում և հայտարարում, որ  «չհամաձայնելու   դեպքում ձեզ դուրս կհանենք ձեր տեղից, մուծված գումարների հատուցումն էլ կմնա ֆինանսական հնարավորություններ չունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի վրա:

3.Ինչպե՞ս է ստացվում, որ յոթ օրվա պատմություն ունեցող «Ա-Ս ինվեսթմենթս»  ՍՊԸ-ին Կ.Կարապետյանի վարչակազմը  ուղղակի վաճառում է այս ահռելի գույքը: Սա հերթական կորուպցիոն գործարք է, քանի որ  «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ի միակ սեփականատեր  ու տնօրեն 25-ամյա Գևորգ Հակոբյանը  ԱԺ  ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ազգականն է  և, ենթադրվում է, որ նա այդ տարիքում չեր կարող կուտակել այդքան գումար:  

4.Ինչո՞ւ կառավարության կողմից գույքի ուղղակի վաճառքի որոշման մեջ (հավանաբար կոռուպցիոն թյուրիմածության հետևանքով) նշված չէ քանի քառակուսի մետր մակերեսով շենք-շինություններն են վաճառվել: Մեր դեպքում մեկ մետր քառակուսի շինությունը վաճառվել է 23.000 դրամ:

5.Ինչո՞ւ և ինչպես առանց  հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ-2» -ի տարածքի գնահատման փաստաթղթերում պարզ երևում է, որ մեր կողմից գնված շենք շինությունների գինը ընդհանուր արժեքի մեջ չի մտնում, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ն ամբողջ գույքն ու տարածքը գրանցում է «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ի անվամբ: (հավանաբար կոռուպցիոն թյուրիմածության հետևանքով)  

Գուրգեն Մարգարյանն ու Գուրգեն Սանոյանն ակնկալում են արդարության վերականգնում, իրենց սեփականության վերադարձում,  և  45-50 աշխատատեղի պահպանում: