Չէ՛, պետք է փոխել աշխարհը, թեկուզ միայն այն պատճառով, որ այն անարդար է կնոջ նկատմամբ: Տողերը հուշում են այն մասին, որ սահմանված է կնոջ երջանկության հերթական բանաձևը, իսկ այդ բանաձևերը շռայլում է ՀԳՄ «Կյանքի գրականություն» ոսկե մրցանակին արժանացած արձակագիր Սարգիս Գոքորյանը, ով ունի նաև DUKAS գրական կեղծանունը:
ArmDay.am-ի հետ բացառիկ զրույցում հեղինակը մանրամասներ է հայտնել իր նոր գրքից, որը կոչվում է «Ո՞վ է երրորդը», որը լույս կտեսնի փետրվարի 15-ին: Թե որտեղ տեղի կունենա գրքի շնորհանդեսը, հեղինակը չցանկացավ հայտնել առայժմ: Հեղինակը նաև գրքի կազմը հրապարակելու բացառիկ իրավունք է տրամադրել ArmDay.am-ին:
Թվում է, թե հերթական սիրո պատմությունն է, սակայն բացառիկ է նրանով, որ հեղինակն այդ տեսանկյունից չի գրել գիրքը:
«Ո՞վ է երրորդը» գիրքը բացառիկ է իր ֆորմատով: Սարգիս Գոքորյանի խոսքով՝համաշխարհային գրականության մեջ նման բան չկա, բայց ինչի մասին է խոսքը, նա չբարձրաձայնեց, որպեսզի չխանգարի գրքի հաջողությանը:
Այս գրքի ծնունդին մուսաները չեն խառնվել: Գիրքը բացառապես իրական փաստերի հիման վրա է հիմնված: Բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Վրաստանում:
Շեշտը կնոջ երջանկության վրա է դրված, անդրադարձ է այն հանգամանքներին, որոնք ստիպում են կնոջը դավաճանել: Տղամարդու անտարբերությունը կարող է բերել կնոջ անտարբերությանն ու դավաճանությանը: Առաջին տեղում կինն է՝ իր ապրումներով:
Գրքի ծավալը չի գերազանցի Սարգիս Գոքորյանի նախորդ գրքերին:
Հարցին, թե այս և նախորդ գրքերը էլեկտրոնային տարբերակով կլինե՞ն,Սարգիս Գոքորյանը գրեթե բացառեց:
«Եթե իմ բնությունը չփոխեմ, երբեք էլեկտրոնային տարբերակ չի լինի, քանի որ գրքի նկատմամբ սերը հարվածի տակ է դրվում: Առաջիկայում նման միտք չունեմ: Գիրքը պետք է ձեռքով թերթելով կարդալ»,-ասաց նա:
Հեղինակը նաև նշեց, որ գիրքը ծնվել է արտահերթ:
«Մի քանի ամսվա պատմություն է: Այնքան եմ հավանել իրական պատմությունը, որ հետաձգել եմ պատրաստ գրքի հրապարակումն ու անդրադարձել այս պամտությանը»,-ասաց նա:
Ստորև ներկայացնում ենք «Ո՞վ է երրորդը»-ի նախաբանը:
-Այս գրքով ուզում եմ մարդկանց հարցնել՝ ինչպե՛ս ենք վարվում մենք, երբ ինչ-որ բան մեզ է պատկանում, և ինչպե՛ս, երբ ինչ-որ բան երազում ենք ունենալ: Ահա ամենը. մենք մեր ունեցածից խլում ենք խորհրդավորությունը և դա փնտրում մի անհնար վայրում, որպեսզի դժվար ապրենք, որովհետև մեր բանականությունը մեզնից արկածներ է ուզում, խաբկանք, որովհետև մեր ներսից ապրելու, ստեղծելու, արարելու պահանջն ամեն Աստծո օր հրաբուխի պես դուրս է ժայթքում ու ստիպում խենթ լինել, ստիպում հավատալ գոյություն չունեցող երջանկությանը:
Ա՜խ, այս ինքնախաբեությունը, որն այնքա՜ն գեղեցիկ է, երբ խոսքը վերաբերում է սիրո հարցերին: Սա ամբողջովին իրական պատմություն է, հերոսները մենք ենք, իսկ ո՞վ է երրորդը:
Ավելի վաղ, Սարգիս Գոքորյանը կնոջ երջանկության բանաձևը սահմանել էր իր «Տանը մնացած» գրքում:
Կարինե Գևորգյան