Վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը ստանձնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, նրանք այս մասին գրել են իրենց թվիթերյան միկրոբլոկում:
Խմբավորման անդամները մանրամասնել են, որ օգտագործել են երկու հատ անօդաչու թռչող սարք՝ համալրված С4 պայթուցիկով: Սակայն անօդաչուներին չի հաջողվել հասնել նախագահական լոջայի մոտ, քանի որ դիպուկահարները վնասազերծել են դրանք:
«Մենք ցույց տվեցինք, որ կառավարությունը խոցելի է: Այսօր մենք չհասանք մեր նպատակին, բայց դա սոսկ ժամանակի հարց է»,- նշվել է խմբավորման էջում:
Մինչդեռ նախագահ Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ իրագործված մահափորձի առնչությամբ մի քանի մարդ է ձերբակալվել: Երկրի ղեկավարի կարծիքով՝ կատարվածի պատասխանատվությունը կրում է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը: Սակայն Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապել է հերքել տեղեկությունը:
Վենեսուելական զինված խմբավորումը ստանձնել է երկրի նախագահի դեմ մահափորձի պատասխանատվությունը

