Ծափերի ներքո եկավ, ծափերի ներքո հրաժեշտ տվեց


Ծափերի ներքո եկավ, ծափերի ներքո հրաժեշտ տվեց
Մայիս 3 16:29 2018

ՀՀ մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաժեշտ տվեց նախարարության իր գործընկերներին, որոնց հետ փորձեց, ինչպես ինքն ասաց՝ անել առավելագույնը ոլորտում արմատացած խնդիրները լուծելու, հայ մշակույթն արժանի բարձրության վրա պահելու, աշխարհին այն արժանապատվորեն ներկայացնելու համար: Գործընկերներին հրաժեշտ տալու համար Արմեն Ամիրյանը եկել էր ընտանիքի՝ կնոջ ու կրտսեր դստեր հետ:

«Ցավոք, ավագ երեխաներս, թոռնիկս այստեղ չեն, այլապես նրանք էլ այստեղ կլինեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկ ու կես տարվա համատեղ աշխատանքի համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է ծառայել հայ մշակույթին, ծառայել հայրենիքին: Ես այդ գիտակցությամբ եկա, և հուսով եմ, որ մենք միացանք այդ գիտակցությանը, և մեկ ու կես տարվա ընթացքում միասին կարողացանք աշխատել, արարել հենց այդ գիտակցությամբ»:

Ի՞նչ հասցրեց անել Արմեն Ամիրյանը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում. չենք շարադրի: Ցանկության դեպքում ցանկը կարելի է գտնել ոչ միան նախարարության պաշտոնական կայքէջում ու ֆեյսբուքյան էջում, այլև ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնք ակտիվորեն լուսաբանել են մեկ ու կես տարվա ընթացքում նախարարի իրականացրած տասնյակ ծրագրերը:

Ի՞նչ չհասցրեց անել Արմեն Ամիրյանը.

«Շատ գործեր, ցավոք, կիսատ մնացին, բայց ես վստահ եմ, որ դուք շարունակելու եք այդ ծրագրերը՝ հասցնելով տրամաբանական ավարտին: Եվ վստահ եմ, որ այլևս որդեգրված է այն սկզբունքը, որը պահանջվելու է՝ բարձր հաշտվետվողականություն, ունենալու եք ստեղծագործ մտքեր, որոնք իրականացնելու եք ամենօրյա քրտնաջան աշխատանքով, և ամենակարևորը՝ հայ մշակույթն անպայման տանելու ենք արժևորման ճանապարհով»:

Արմեն Ամիրյանը հիշեցրեց, որ մայիսի 9-ին և 14-ին «Համահայկական նվագախմբի» համերգներն են, մայիսի 25-ին «Համահայկական երգչախմբի» համերգը, մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությունը, հետո՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ը, «Երևան 2800» - ը, Ժամանակակաից արվեստի միջազգային ցուցահանդեսը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին առնչվող միջոցառումները և այլն , և այլն...

« Այս ամենը պատվով իրականացնելու համար ձեզնից պահանջվելու է կրկնակի ջանք ու եռանդ: Դուք անելու եք ավելին, որպեսզի սկսած նախագծերն արժանապատվորեն ներկայացնեք մեր հանրությանը»:

Նաև ներողություն խնդրեց նախկին գործընկերներից.

«Թերևս որոշ դեպքերում եղել եմ կոպիտ և կտրուկ, բայց հավատացե՛ք, որ դա եղել է հանուն գործի, հանուն այն նպատակի իրականացման, որը եղել է առաջնայինը իմ բոլոր ծրագրերի ու պատկերացումների մեջ: Ուզում եմ իմանաք, որ ցանկացած պահի պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ որպես ընկեր, որպես բարեկամ: Վստահ եմ, որ բարեկամական մեր հարաբերությունները շարունակվելու են շատ երկար»:

«Անկեղծ ասած, երկրորդ նախարարին եմ ճանապարհում, ու մարդկայնորեն ինձ համար հեշտ չէ: Մենք ձեզ շնորհակալ ենք, որովհետև բերեցիք նոր մտածողություն, նոր սկզբունքներ, որոնք սկզբում մեզ համար գուցե խորապես ընկալելի չէին, բայց արդյունքում պարզվեց, որ դրանք իսկապես «աշխատում են»:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը նաև անկեղծացավ.

«Այստեղ բոլորը կհամաձայնեն՝ չափազանց հաճելի էր ձեր զանգերին արձագանքելը, որովհետև մեր անունից հետո «ջան»-ից բացի որևէ մեկս այլ բան չի լսել: Երբ ասացիք՝ զայրացել եք, փորձեցի հիշել մի դեպք ու չհիշեցի: Ես միշտ ասում էի՝ նախարա՛ր ջան, մի քիչ զայրացի, այդքան բարի լինել չի՛ կարելի: Խոստանում էիք ու էլի չէիք անում»:

Պաշտոնը ստանձնելիս՝ մեկ ու կես տարի առաջ, Արմեն Ամիրյանը նախարարություն եկավ ծափերով ու հրաժեշտ տվեց ծափերի ներքո...

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.

Фото ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia.