Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում դիմավորել են Մաորի ցեղի համար ավանդական համարվող «քթային ողջույններով», հայտնում է The Daily Mail-ը:
Ողջույնի արարողությունը տեղի է ունեցել Օքլենդ քաղաքում՝ կառավարության շենքի մոտ:
Արարողության ընթացքում Ngāti Whātua o Ōrākei ցեղի ներկայացուցիչները նախկին ղեկավարին նվիրել են կետի՝ թելի վրա անցկացված 2 ատամ, որից մեկը նախատեսված է եղել նրա կնոջ՝ Միշել Օբամայի համար:
Նշվում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն անմիջապես ընդունել է նվերն ու դրանցից մեկը կախել վզից:
Դրանից հետո Օբաման հանդիպել է երկրի վարչապետ Ժասինդա Արդենին: Նշվում է, որ Օբաման ծնողական արժեքավոր խորհուրդներ է տվել վարչապետին, որը հղի է իր առաջնեկով:
«Ես նրան ծնող լինելու մասին հարցեր տվեցի, ու նա այնպիսի խորհուրդներ տվեց, որոնք ես երկար կհիշեմ»,-լրագրողներին հայտնել է վարչապետը:
Աղբյուրը հավելում է, որ վարչապետի հետ հանդիպմանը հաջորդել է գալա ընթրիքը, որի ժամանակ Օբաման ծավալուն ելույթ է ունեցել: Հայտնի է, որ դրա դիմաց նախկին ղեկավարը ստացել է 290.000 դոլար: