«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 25-ին Երևանում կատարված բնակարանային գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 33-ամյա Էդգար Թորոսյանը, ով Երևանի «Արարատում» մարզիչ է, ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան մուտքի դռան փականը, մտել բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր և նոութբուք-համակարգիչ։
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի քննիչ Դանիելյանը, ում կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Հաղորդվում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։