«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.
«Անպատժելիությունը հանգեցնում է ամենաթողության։
Այս գիշեր դաժանաբար սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա հետ եղած ոստիկանության ծառայողը։ Սա ոչ միայն ողբերգություն է համայնքի ու պետության համար, այլև` վկայություն, որ իրավապահ համակարգը չի տիրապետում իրավիճակին, որ զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով։ Պետք չէ սահմանափակվել միայն արձագանքով․ պետության պարտականությունն է կանխել ու նախականխել հանցագործությունները։
Չմոռանանք, որ այս տարվա սկզբին Մերձավանի փողոցում սպանվեց 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այդ դեպքի առիթով իրավապահները մեծապես կալանավորեցին Վալոդյա Գրիգորյանի մտերիմներին ու բարեկամներին՝ ընտրությունների օրերին նրան թուլացնելու համար։ Սակայն Վալոդյա Գրիգորյանը հաղթեց ՔՊ-ին, և հաղթեց համոզիչ՝ հակառակ բազմապիսի ճնշումներին։ Ցավոք, ընդամենը ամիսներ անց նա վճարեց իր կյանքով։
Այսօր մենք պարտավոր ենք պահանջել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ոչ թե դատապարտում և կարճաժամկետ ցուցադրական քայլեր` այլ իրական արդարադատություն, կանխարգելում և պետության արժանապատիվ ներկայություն համայնքներում: Դուք վաղուց էլ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ չեք, հիշե՛ք:
Հ.Գ. Լուսանկարում դաժանաբար սպանված Վալոդյա Գրիգորյանն է` իր գեղեցիկ ընտանիքի հետ»: