Լուռ դահլիճի աղմուկը. խորհրդարանական ընդդիմության անգործությունը


Լուռ դահլիճի աղմուկը. խորհրդարանական ընդդիմության անգործությունը
Սեպտեմբեր 10 11:50 2025

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են ապացուցել, որ չեն համապատասխանում իրենց իրական առաքելությանը։ Քաղաքական ուժեր, որոնք պիտի լինեին ժողովրդի ձայնը և իշխանության հակակշիռը, վերածվել են անգործուն սուբյեկտների, որոնք միայն հայտարարություններով են սահմանափակվում՝ լրջորեն չազդելով երկրի քաղաքական օրակարգի վրա։

 

Բեմականացված պայքարի պատրանք ստեղծելով ընդդիմադիրները ընդամենը ժամավաճառությամբ են զբաղված: Նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների «բոցաշունչ» ելույթները հաճախ ավելի շատ հիշեցնում են ձևական թատրոն, քան իրական քաղաքական պայքար։ Խոսքեր շատ են, բայց գործնական նախաձեռնություններ՝ գրեթե չկան։

 

Ժողովուրդը սպասում է օրենսդրական առաջարկների, համակարգված ռազմավարության, իսկ փոխարենը ստանում է աղմուկ՝ առանց արդյունքի։

Ընդդիմադիր դաշտը ոչ միայն չի միավորվում իշխանության քաղաքականությանը հակազդելու համար, այլև ներսում է քայքայված։ Անհամաձայնությունները, անձնական ամբիցիաները և փոքրաթիվ շահախնդրությունները վարկաբեկում են ընդդիմադիր դաշտը՝ այն դարձնելով անօգուտ զանգված խորհրդարանում։ Այս անպատասխանատու վարքագիծը լրջորեն վնասում է հանրության սպասելիքնեին ու վստահությանը։

 

44-օրյա պարտությունից հետո հատկապես հասարակությունը սպասում էր ուժեղ ընդդիմության, որը կկանգնի ժողովրդի կողքին և իշխանության թերացումները կվերածի ծրագրային պայքարի։ Սակայն իրականում մենք ականատես ենք դառնում անտարբերության և անգործության, որն ավելի է խորացնում հիասթափությունը։ Երբ ընդդիմությունը լռում է կամ միայն ձևական ներկայություն ապահովում, հանրությունը զգում է իրեն լքված և անպաշտպան։

 

Խորհրդարանական ընդդիմությունը ցույց է տալիս, որ չի գիտակցում իր պատասխանատվությունը։ Իշխանությանը քննադատելը հեշտ է, բայց իրական այլընտրանք ստեղծելը՝ դժվար։ Ցավալի է, որ ընդդիմադիրները ընտրել են հեշտ ճանապարհը՝ դատարկ խոսքերով լցնելով եթերը, մինչդեռ երկիրը կանգնած է ծանրագույն քաղաքական ու անվտանգային մարտահրավերների առաջ։

 

Այսօր խորհրդարանում գոյություն ունեցող ընդդիմությունը ոչ թե ուժ է, այլ՝ ստվեր։ Եթե այս անգործուն, ձևական ու պատասխանատվությունից խուսափող քաղաքականությունը շարունակվի, ապա նրանք կհայտնվեն քաղաքական լուսանցքում: Իսկ դա նշանակում է՝ իշխանությունը կշարունակի անխոչընդոտ գործել, սակայն հուսադրող մեկ նշույլ գոնե առկա է՝ ձևավորվում են նոր քաղաքական միավորումներ, որոնք իրապես կկարողանան լուրջ հակակշիռ լինել այս իշխանությանը գալիք ընտրություններում: