ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» Արծվիկ Մինասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։ «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Նշենք, որ Սարգիս Պետրոսյանը մինչև դատավոր նշանակվելը եղել է ՔՊ պատգամավորի թեկնածու։
Քրեական գործը, որով անցնում են Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը և ևս երկու անձ, վերաբերում է Սեյրան Օհանյանի կողմից՝ տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված Դրախտիկ համայնքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն, որով վաղեմության ժամկետները փատացի անցնում են։ Ըստ մեղադրանքի՝ Սեյրան Օհանյանը, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից: Բացի այդ, նշված տարածքում լողավազանի և շոգեբաղնիքի կառուցապատումն իրականացրած ընկերությանը ՊՆ իրականացրած գնման գործընթացներում առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և նշված ընկերության հետ փոխկապակցված՝ ՊՆ-ում բաժնի պետի պաշտոն զբաղեցրած անձի օգտին գործողություն կատարելու համար իբրև ստացել է 58 մլն դրամ կաշառք։ Մասնավորապես, ըստ վարույթի, ընկերությունն իր ֆինանսական միջոցներով առանձնատանը կատարել է շուրջ 64․500․000 ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ, որոնք 2015թ․ սեպտեմբերին դադարեցվել են՝ ընկերության ֆինանսական միջոցները սպառվելու պատճառով, իսկ 2015թ․ վերջին ընկերությունը խնդրել է վճարել փաստացի կատարված աշխատանքների դիմաց չվճարված շուրջ 58 մլն դրամը, սակայն, ըստ գործի, ՊՆ աշխատակիցը, գործելով Օհանյանի գիտությամբ, հրաժարվել է տրամադրել գումարը՝ նշելով, որ այդ գումարը համարում է նախկինում ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթներում նրանց ընկերությանը հաղթող ճանաչելու, գնումների գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքներն անխոչընդոտ ընդունելու և դրանց դիմաց վճարումները կատարելու համար, այսպես կոչված, «ատկատի»՝ կաշառքի գումար։ Ուշագրավ է, որ իրավապահները մեղադրում են նաև Արծվիկ Մինասյանին, որը ենթադրյալ իրադարձությունների ժամանակ ընդամենը երկու օրվա նախարար էր։ Թե՛ Մինասյանը, թե՛ Օհանյանը ներկայացված մեղադրանքները չեն ընդունում։
Գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև Աշոտ Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը, Բենիամին Ղալեչյանը, Էդգար Գրիգորյանը։