Օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարատ Ա․-ն իր վարաժ «Porsche» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը, ով վթարի պահին մեքենայի բեռնախցիկում իրեր դասավորելիս է եղել տեղում մահացել է։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն և փակել գազի բալոնի փականը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և քննիչ Պապոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։