Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ»


Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ»
Հուլիս 16 09:42 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ուսումնասիրել, թե պետական համակարգի պաշտոնյաներն ինչ կենսագրություն եւ ունեցվածք ունեն, հանգել է ուշագրավ մի փաստի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը մինչեւ Վարչապետի աշխատակազմ գալը, 2005-ից 2018 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ։ 2018-2022 թվականներին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Միջազգային կառույցների հետ համագործակցության բաժնի պետ եւ արարողակարգի պատասխանատու է եղել, ապա նշանակվել նույն կառույցում Միջազգային ծրագրերի իրականացման բաժնի պետ։

 

Ղազարյանը 2022 թվականի փետրվարի 11-ից նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու։ Արման Ղազարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ 2021 թվականին գնել է Tesla մակնիշի մեքենա ամերիկյան Copart ավտոաճուրդից, որն արժեցել է 19 հազար 300 դոլար։ Հարկ է նշել, որ նույն 2021 թվականին Ղազարյանը 15 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է Դիլիջանում գտնվող հողամասը ինչպես նաեւ 2013 թվականին գնած Toyota մակնիշի մեքենան՝ 13 հազար ԱՄՆ դոլարով։ Արման Ղազարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 23 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 3 հազար եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 7 մլն 863 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Վարչապետի աշխատակազմից։

 

Ուշագրավն այն է, որ Արման Ղազարյանը ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի որդին է»։