ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․
«Սյունիքը՝ ոչ թե լոգիստիկ միջանցք, այլ պետականության առանցք
Այսօր Սյունիքի (Զանգեզուրի) շուրջ քննարկումները լոկ տնտեսական չեն։ Սյունիքը դարձել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորագույն հանգույցը՝ ձևավորվող աշխարհաքաղաքական ճնշումների խաչմերուկում։
Միջանցքի վերահսկողության փոխանցումը մասնավոր կամ տրանսազգային կառույցներին՝ «ներդրումային զարգացման» քողի տակ, փաստացի ենթադրում է պետական ինստիտուցիոնալ վերահսկողության կորուստ։ Դա սպառնում է Հայաստանի սուբյեկտությանը՝ ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում։
Արտաքին դերակատարների նախաձեռնած տարածաշրջանային նախագծերը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և այլ կենտրոնների մասնակցությամբ, միտված են Հարավային Կովկասի վերաձևմանը։ Այդ սցենարներում Հայաստանին հաճախ հատկացվում է անցումային տարածքի, այլ ոչ՝ ռազմավարական խաղացողի դեր։
Բայց Հայաստանը պետություն է, ոչ թե միջանցք։ Սյունիքը՝ որպես սահմանային, ազգային և ռազմավարական տարածք, պետք է մնա բացառապես հայկական վերահսկողության ներքո՝ ամբողջական քաղաքական պատասխանատվությամբ։
Ինչ պետք է անել
1) Ակտիվորեն զարգացնել Սյունիքի ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ անկախությունը
2) Կայացնել համազգային դիրքորոշում՝ տարածքային զիջումների ցանկացած փորձի դեմ
3) Վերականգնել Հայաստանի լիարժեք սուբյեկտությունը միջազգային մակարդակում
4) Գործել ինքնուրույն և գործընկերային հիմքով՝ մերժելով արտաքին կառավարման մոդելները
Ով վերահսկում է Զանգեզուրը՝ վերահսկում է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այդ պատճառով Սյունիքի հարցը ոչ միայն տարածքային է, այլև կառուցվածքային՝ Հայաստանի ապագա պետական մոդելի առումով»։