Այսօր՝ հուլիսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» Ամառանոցային 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարել են կրակը և տան սենյակներից մեկում հայտնաբերել են 3 դի:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների և տան սեփականատիրոջ ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները 2 կին են և նորածին երեխա, այդ կանայք էլ նրա տատիկներն են, իսկ տունը, ըստ հարևանների հայտնածի, գազաֆիկացված չի եղել: