ՀՀ-ում իրավիճակն առաջին դեպքը չէ, երբ Արևմուտքը ժողովրդավարության իր տեսլականը հարմարեցնում է այսրոպեական քաղաքական կարիքներին. Զախարովա


ՀՀ-ում իրավիճակն առաջին դեպքը չէ, երբ Արևմուտքը ժողովրդավարության իր տեսլականը հարմարեցնում է այսրոպեական քաղաքական կարիքներին. Զախարովա
Հուլիս 2 20:20 2025

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա վերջիններին մեղադրել է քաղաքական կողմնակալության և ժողովրդավարության հարցերում երկակի ստանդարտների մեջ:

 

Զախարովան, մասնավորապես, նշել է. «Արևմուտքում Մոսկվայի, Ռուսաստանի, Կրեմլի անվերջ հիշատակումները վաղուց ամրացած թրենդ են, և հիմա նրանք հասել են մյուս ժողովուրդներին։ Ավելին, Հայաստանում իրավիճակը առաջին դեպքը չէ, երբ Արևմուտքը ժողովրդավարության իր տեսլականը հարմարեցնում է այսրոպեական քաղաքական կարիքներին»:

 

Խոսքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար Կայա Կալասի՝ Երևան կատարած այցի ընթացքում արած հայտարարությունների մասին է: Զախարովան նշել է, որ Կալասը «գրեթե ուղղակիորեն» Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։

 

Ըստ նրա՝ Կալասի հայտարարություններն էլ ավելի հատկանշական են այն ֆոնին, որ նա ներկայացնում է Էստոնիան, իսկ Մակրոնը՝ Ֆրանսիան՝ երկրներ, որտեղ, Զախարովայի խոսքով, բազմաթիվ սեփական չլուծված հարցեր կան:

 

«Ես նրանց խորհուրդ կտայի շրջագայություն կազմակերպել աշխարհի իրենց մասում և իրենց մոտ կարգուկանոն հաստատել ժողովրդավարության առումով, կոչ անել պահպանել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, գույքագրել մարդու իրավունքների վիճակը։ Հետո կարելի է ԵՄ մյուս երկներ գնալ՝ ժողովրդավարությունը զարգացնելու մասին ճիշտ խորհուրդներով»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն օրինակ է բերել իրավիճակը Վրաստանում, որտեղ, նրա խոսքով, ժողովրդավարական մեխանիզմներն օգտագործվում էին որպես ազգային շահերը պաշտպանող ուժերի վրա ճնշում գործադրելու գործիք: Նա նաև կասկած է հայտնել Ռուսաստանի հասցեին պարբերաբար հնչող «ներքին գործերին միջամտելու» մեղադրանքների կոռեկտության վերաբերյալ։

 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել կոնկրետ օրինակներ նշել, երբ նրանք Ռուսաստանին մեղադրում են այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։ Նա տարակուսանք է հայտնել՝ մի՞թե իսկապես միջամտություն ասելով նկատի ունեն հնացած հակամարտություններում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ Մոսկվայի գործողությունները կամ մարդասիրական օգնությունը։

 

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ցուցաբերված օգնության մասին, մասնավորապես՝ Հայաստան մեկնողների համար մարդասիրական բեռների մասին: Նա նաև հռետորական հարց է հնչեցրել՝ մի՞թե միջամտություն ասելով՝ նկատի ունեն էներգառեսուրսների մատակարարումն ու էներգետիկ համագործակցությունը։