«Ոչ մի հեղաշրջման բան չկա, դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են»,- լրագրողներին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ անդրադառնալով ՔԿ այսօրվա հայտարարությանն ու ընդդիմադիր գործիչների, «Սրբազան պայքար» շարժման անդամների բնակարաններում խուզարկություններին։
Նա նշեց, որ թող քաղաքական հետապնդումների մասին մտածեն այն 680.000 քաղաքացիները, որոնք 2021 թվականին վերընտրեցին այս իշխանություններին։
«Իրենց թվում էր իրենք ժողովրդավարության համար էին ընտրություն կատարում կամ խոսում էին խոսքի ազատության կա Հայաստանում որպես նվաճում։ Թող մարդկանց թոշակները բարձրացնեն, ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկեն։ Դա է նվաճումը։ Իսկ սրանք պարզապես քաղաքական հետապնդումներ են»,- ասաց նա։
Ա. Գասպարյանի խոսքով, Հայաստանում ընդդիմադիր շարժումների մեջ «Սրբազան պայքարը» ամենաազդեցիկն է, ոչ միայն նրա համար, որ հոգևորական է ղեկավարում, այլ որ այս շարժումը չունի որևէ տնտեսական շահեր, շարժման ղեկավարությունը երբևէ չի եղել տնտեսական գործարքների մեջ։
«Խոսքը գնում է անկեղծ շարժման մասին, որն առաջացել է Տավուշի շրջանում տարածքների միակողմանի զիջման հետևանքով։ Այս ամենն ունի պատճառահետևանքային կապ, սրանք քաղաքական հետապնդումներ են»,- ասաց Փաշինյանի նախկին խորհրդականը։