«Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ուղիղ սահմանադրական կարգի տապալում է։ Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ կա սահմանադրական կարգի տապալման հանցակազմ»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ երկրի վարչապետի կողմից սկսված բացահայտ պայքարին ու այս համատեքստում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
«Օրինակը բերում եմ․ Նիկոլ Փաշինյանը մի գրառում է անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ասում է՝ ստեղծում ենք 10 հոգանոց խումբ և գնում ենք «քրիստոնաբար և սիրով» Վեհափառին հանենք Վեհարանից։ Հիմա եթե ձեր եթերում ես ասեմ, որ գնում ենք «սիրով և քրիստոնեաբար» Նիկոլ Փաշինյանին հանենք կառավարության շենքից, մինչև այստեղից դուրս գամ, արդեն ինձ ձերբակալելու են»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրեց՝ հեռուստաընկերություն գալուց առաջ արդեն իսկ իր պահնորդական ծառայողներին ձերբակալել են։
«Մի խայտառակ «մասկի-շոու» էր ։ Հիմա Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում եմ՝ մենք ապօրինի զենք չունենք»,- ընդգծեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ Արթուր Վանեցյանի օրենքի սահմաններում ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներին ձերբակալում են։