Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել եկեղեցու սպասավորներին, հայտարարել, որ պետք է Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի ունենան, ինչի համար առաջարկում էր Համակարգող խումբ ստեղծել։
Մի մասը լռում է, ոմանք համաձայն են վարչապետի հետ, իսկ շատերը խիստ քննդատության են ենթարկում նրան։
Հայր Ասողիկ Կարապետյանն էլ հայտարարել է, որ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մտավորականները;
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ բոլորը պետք է վերադառնան Սահմանադրական նորմի պահանջներին, այսինքն՝ եկեղեցին չխառնվի պետության գործերին, պետությունն էլ՝ եկեղեցու։
«Պետությունն ու եկեղեցին պետք է առանձին գործեն։ Իսկ հարաբերություններում իրենց ընտրած բառապաշարում «գրադուսը» մի քանի աստիճանով պետք է իջնի։ Մնացածն արդեն լեքսիկայի հարց է, թե ով է առաջինը սկել, և այլն»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Բաբայանը։
Բաբայանն այս խնդրի հանգուցալուծումը դարձյալ տեսնում է միայն Սահմանադրությանը հետևելով.«Եթե ընդհանուր սկզբունքներ չկան, շատ դժվար է գտնել երկխոսության հնարավորություն։ Եթե բոլոր կողմերը պահպանեն Սահմանադրությունը, այնպես, ինչպես գրված է․․․ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, իսկ թե եկեղեցում հավատացյալներ կա՞ն, թե՞ ոչ, դա էլ արդեն պետության գործը չի։ Սա է ամբողջը»։
Հարցին՝ արդյո՞ք համակարծիք է Փաշինյանի հետ, որ պետք է կաթողիկոսական նոր ընտրություն լինի, թատրոնի տնօրենը պատասխանեց.«Ես ագնոստիկ եմ և ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե ով է կաթողիկոսը։ Կարծում եմ՝ հավատացյալները կարող են նման հարց բարձրացնել, բայց ոչ՝ պետական այրերը։ Դա նրանց գործը չէ։ Եթե նույնիսկ պետական այրերն ասում են, որ իրենք որպես շարքային հավատացյալ են բարձրացնում այդ հարցը, այդուհանդերձ, նրանք պետական այրեր են։
Պետությունը պետք է զերծ մնա նման հարցեր բարձրացնելուց, հակառակ դեպքում մենք չենք կատարի Սահմանադրության պահանջները։ Երբ այդ երկու կառույցները սկսում են իրար գործերին խառնվել, միշտ նման քաոսային իրավիճակ է ստեղծվում»։