ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում շարունակվում է գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագծի քննարկումը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ բոլոր նրանց, ովքեր երկու տարի կծառայեն բանակում, պետք է տրվի անվճար կրթության հնարավորություն՝ պետական համալսարաններում։
«Չգիտեմ՝ ֆինանսների նախարարությունը ոնց կվերաբերվի այս հարցին, բայց ես պնդում եմ»,- նշեց նա։
Ալեքսանյանի խոսքով՝ սա կավելացնի արդարության սկզբունքը։
ՔՊ-ականն առաջարկում է նաև, որ տրվի 5 կամ 10 տարով անվճար առողջության ապահովագրություն՝ ներառյալ ատամնաբուժական ծախսերը։
«Այո, այստեղ գործելու է արդարության սկզբունքը, այն մեկը չի ծառայում՝ փող է տալիս, այս մեկն էլ ծառայում է, բայց դրա դիմաց ստանում է անվճար կրթություն ու անվճար առողջության ապահովագրություն»,- ասաց նա։
Ալեքսանյանը նշեց, որ եթե իր առաջարկները ներառվեն նախագծում, ինքը նախագծին կողմ կքվեարկի, եթե չլինի՝ ստացվում է՝ նույն անարդարությունը փոխարինվում է ուրիշ անարդարությամբ։
Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը կողմ է գործընկերոջ առաջարկին։
«Սա ավելի շատ ֆինանսների հարց է, եթե մենք այլ տեղից չկարողանանք ներգրավել, վստահաբար, մեր այն քաղաքացիները, ովքեր գումարի դիմաց կհրաժարվեն ծառայությունից, այդ գումարներով այս բացը կլրացնենք»,- ասաց Սարգսյանը։